Ինքնաթիռը,
որից օգտվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, վայրէջք է կատարել մերձմոսկովյան
Վնուկովո օդանավակայանում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
ՏԱՍՍ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուիթկոֆին դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Սթիվ Ուիթկոֆը նախորդ անգամ Մոսկվա էր մեկնել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ մինչ այդ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տարեսկզբից ի վեր սա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հինգերորդ այցն է Ռուսաստան։ Reuters-ը հայտնել է, որ այս անգամ ամերիկացի դիվանագետը կհանդիպի «Ռուսաստանի ղեկավարության» հետ։ Կրեմլը հնարավոր է համարել նրա հանդիպումը Պուտինի հետ։