Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել և շրջանառության մեջ է դրվել Հռոմի ստատուտի վավերացման մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը։ Այն ԱԺ առաջիկա օրակարգում ընդգրկված չէ, կարող է ընդգրկվել հաջորդ նիստի օրակարգում։
Օրինագծով առաջարկվում է վավերացնել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը: Նաև՝ ընդունել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր հետադարձորեն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը՝
համաձայն հավելվածի :
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸՄիջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու եւ իրավազորությունը ճանաչելու վերաբերյալ
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (այսուհետեւ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին:
Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող:
Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու եւ դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ Դատարան) հիմնադրումը:
Կանոնադրության վավերացման եւ իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետեւ, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի եւ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ:
Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսեւորած պահվածքից եւ կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր:
Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաեւ պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ եւ զսպող միջոց Ադրբեջանի համար:
ՄՔ Դատարանի կողմից Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ՝
- Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
- Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:
Դատարանն իր իրավազորությունն իրականացնում է Կանոնադրությամբ նախատեսված միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են՝
ա) Կանոնադրության մասնակից պետության կամ Կանոնադրությանը համապատասխան Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության տարածքում՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (ա) ենթակետ),
բ) Կանոնադրության մասնակից պետության կամ Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության քաղաքացիների կողմից՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (բ) ենթակետ):
Միաժամանակ, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի տարածել ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, Հայաստանը վավերացման հետ մեկտեղ կատարում է ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00:00-ից ի վեր: Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկայնության դեմ եւ պատերազմական հանցագործություններին եւ չի վերաբերում ագրեսիվ պատերազմի հանցագործությանը:
ՄՔԴ իրավազորության հետադարձորեն ճանաչումը նույնպես կարեւոր է, ինչը հնարավորություն կտա ՄՔԴ իրավազորությունը տարածել Ադրբեջանի կողմից արդեն իրականացրած Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների վրա: Սակայն այս գործիքի կիրառումը առավել արդյունավետ կլինի, երբ զուգորդվի ՀՀ կողմից Կանոնադրության վավերացմամբ:
Կանոնադրությունը, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի ներկայացվելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՄՔԴ կանոնադրությունը 2004թ. օգոստոսի 13-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելուց ի վեր տեղի են ունեցել առանցքային եւ էական հասարական-քաղաքական, իրավական եւ աշխարհաքաղաքական զարգացումներ: Ավելին՝ այդ որոշմամբ ՄՔԴ կանոնադրության սահմանադրականության վերաբերյալ գնահատում է իրականացվել 1995թ. ՀՀ Սահմանադրության լույսի ներքո: Մինչդեռ 2004 թ.-ից ի վեր երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, եւ ներկայում՝ հարցն առանձին ենթակա է գնահատման ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների լույսի ներքո: Ըստ այդմ, ՄՔԴ կանոնադրության համապատասխանությունը ներկայիս Սահմանադրության դրույթներին նորովի գնահատելու համար ՀՀ սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանին հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ, ելնելով գործի հանգամանքներից՝ ընդունել գործը քննության՝ որպես նոր հարց:
Հատկանշանակն է, որ Կանոնադրությունը կրկին անցել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, եւ, փաստացի, Կանոնադրությունը ներկա իրավական կարգավորումների համատեքստում առաջին անգամ է ներկայացվում ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը:
Ավելին, անգամ, եթե դիտարկենք, որ հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ապա այդ պարագայում Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի համաձայն այն շարունակում է լինել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը: Այսպես, հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ որպես նման հիմք նախատեսվում է այն դեպքը, երբ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է բացառություն, այն է՝ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ներկայացված դիմումներով Սահմանադրական դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, կարող է կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում:
Այսինքն, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով, այդ թվում նաեւ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրության համապատասխանության հարցի լուծման վերաբերյալ հարցը թողնում է Սահմանադրական դատարանի հայեցողությանը:
Ինչ վերաբերում է Կանոնադրության որոշ հոդվածների սահմանադրականությանը, կարեւոր է փաստել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2004թ. որոշման կայացումից անցել է մոտ երկու տասնամյակ, որի ընթացքում տեղի են ունեցել ներքին եւ արտաքին հասարակական, քաղաքական եւ իրավական լրջագույն զարգացումներ, երկու անգամ փոփոխվել է ՀՀ Սահմանադրությունը, եւ Կանոնադրության դրույթների՝ Սահմանադրության համապատասխանության հարցն անհրաժեշտ է գնահատել նորովի՝ ի թիվս այլի նաեւ հաշվի առնելով իրավական ընկալումների զարգացումները:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան Երևանից պարզաբանում է հայցել՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ Զախարովան ասել է, որ ռուսական իշխանություններն իրենց հետագա գործողությունները կազմակերպելու են կապված նրանից, թե ինչպիսին է լինելու Հայաստանի պատասխանը:
Տպավորություն է, որ պաշտոնական Մոսկվան սպառնում է Երևանին, քանի որ այս տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ն կայացրեց Ռուսաստանի և դրա նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ որոշում՝ կարգադրելով ձերբակալել Պուտինին՝ ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման հիմքով։ Դատարանի կողմից «Ռուսաստանի դեմ» քայլերից հետո այդ երկիրը մեղադրում էր դատարանին կողմնակալ լինելու մեջ։
Հռոմի ստատուտի մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովում։ Անհասկանալի է, թե որոնք են լինելու Զախարովայի նշած հետագա գործողությունները։ Միգուցե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքի անարդյունավետությունը ավելի մեծանա, կամ էլ Հայաստանի ներսում հակաիշխանական նոր ցույցեր սկսվեն, որոնց նպատակը կլինի պետականության քայքայումը։
Մյուս կողմից՝ դատարանի իրավասության սահմաններում են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, ինչպես նաև ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց հետապնդումները։ Սրանով պայմանավորված, եթե ՀՀ Ազգային Ժողովը Ստատուտը վավերացնի, ապա Հայաստանը հասանելիություն կստանա Միջազգային քրեական դատարանին ու վերջին տարիներին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել այնտեղ։
Ինչ վերաբերվում է ՌԴ-ից հնչող նախազգուշացումներին, ապա այստեղ հարկ է նշել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է դեռևս անցած դեկտեմբերին, այսինքն՝ դա որևէ կապ չուներ Միջազգային քրեական դատարանի հետագայում Պուտինի վերաբերյալ ընդունած որոշումների հետ: Հայաստանի հարևաններից Վրաստանը ստորագրել և վավերացրել է պայմանագիրը շուրջ երկու տասնամյակ առաջ, Իրանը ստորագրել է, սակայն չի վավերացրել, իսկ Ադրբեջանը և Թուրքիան ո՛չ ստորագրել են, ո՛չ վավերացրել այն։ Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը դեռ 1999 թվականին, սակայն չի վավերացրել այն։