Սոչին ենթարկվել է դրոնների գրոհի. զբոսաշրջիկները ստիպված են եղել փախչել լողափերից

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուների միջոցով գրոհել են Կրասնոդարի երկրամասի քաղաքները: Ազդանշաններ են հնչում մի շարք բնակեցված վայրերում, ականատեսները հայտնում են ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին:


Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների մուտքն ու ելքը, Telegram-ում հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն: Մինչ այդ սահմանափակումներ էին մտցվել նաև Գելենջիկի օդանավակայանում:


Ինչպես հաղորդում է Mash-ը, Սոչիի երկնքում խոցվել է երկու անօդաչու։ Տեղի բնակիչները պնդում են, որ լսել են առնվազն վեց պայթյուն։


Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը Telegram-ում հայտնել է, որ քաղաքում գործում է հակաօդային պաշտպանության համակարգ, և դիմել է բնակիչներին՝ խնդրելով պահպանել անվտանգության միջոցառումները. «Եթե ապրում եք ափամերձ գծի մոտ, ոչ մի դեպքում դուրս մի եկեք, մնացեք փակ սենյակում՝ առանց ապակիների»։


Telegram-ի ալիքները հրապարակել են լողափերից մարդկանց տարհանման կադրեր: Բացի դրանից, դրոնների գրոհի սպառնալիքի պատճառով փակվել է չճանաչված Աբխազիայի հետ սահմանին գտնվող «Պսոու» սահմանային անցակետը: Սահմանափակվել են հետիոտների և տրանսպորտային անցումները: