«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով, որ Կոնստանտին Զատուլինը չափից շատ է կարծես մտահոգված Հայաստանի շահերով, թե բա՝ «այն, ինչ ստորագրվելու է, հակասում է հայերի շահերին»:


«Գուցե այս իրավիճակում գնահատման չափորոշիչը կարող է լինել՝ որքան ռուսական վայնասունը բարձր է, այնքան գուցե սպասվող համաձայնությունը մեր շահերից բխող. իհարկե, սա վերլուծության համար բավարար ելակետային հիմք չէ:


Երեկվանից առկա տեղեկություններով՝ մի քանի դատողություններ, այնուամենայնիվ, կարող ենք անել, մինչև կեսգիշերին կկայանա եռակողմ հանդիպումը, և գուցե պարզ կդառնան որոշ մանրամասներ.


Ադրբեջանի պատկերացրած և պահանջած միջանցքը կասեցված է, չնայած շեշտվում է անխոչընդոտ ճանապարհ, բայց որը լինելու է Հայաստանի վերահսկողության, իրավազորության ներքո. իհարկե, այստեղ շատ կարևոր են մանրամասներն ու անցման հիմնական դրույթները։


Փոխադարձության հարցն ամենակարևորն է, և կարծես մի քանի արտահոսքերից հնարավոր է ենթադրել, որ դա ևս կարգավորվելու է, իհարկե, անգամ եթե ճանապարհները բացվեն, Ալիևին վստահել հնարավոր չէ, հատկապես այստեղ նաև խնդիրը հումանիտար հարցերի չլուծված լինելն է. որևէ մեկը Ադրբեջան մուտք չի գործի, երբ այդ հանցավոր ռեժիմը դեռևս գերիներ է պահում ու շինծու դատում. այս փաստարկը հուսամ՝ որպես հիմնարար խնդիր քննարկվել է բանակցությունների ընթացքում: 


«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է, նույնիսկ եզր չկա համեմատության, քանի որ այս դեպքում, կարծես, բավական լուրջ ներդրումների, տնտեսական շահերի մասին է խոսքը, իսկ Նոյեմբերի 9-ով ընդամենը ռուսական զորքի հերթական նոմինալ ներկայության, որպես անվտանգության երաշխավոր, իսկ այդ երաշխավորությունը կամ դրա բացակայությունը տեսել ենք Լաչինի միջանցքում և ընդհանրապես Արցախում։


Ընդ որում՝ «Թրամփի ուղու» տրամաբանությունը, կարծես, ավելի մոտ է հենց «Խաղաղության խաչմերուկ»-ին, ենթադրում է նաև գազամուղների, նավթամուղների, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների և այլնի անցումը, որը ոչ միայն բավական լուրջ եկամտի աղբյուր է, այլ նաև անվտանգության երաշխիք։


Վաղուց էի պարբերաբար շեշտում, որ Ալիևի վրա ճնշման հիմնական գործիք ունի ԱՄՆ-ն, քանի որ ԵՄ-ն որոշակի կախվածություն ունի, իսկ Ռուսաստանի համար կոնֆլիկտն ինքնին լավագույն դաշնակիցն է, այնպես որ հենց միայն ԱՄՆ երաշխավորությամբ է, որ հնարավոր է զսպել Ալիևի ահագնացող ախորժակը։


Իսկ Թրամփի համար էլ սա իրականում, ինչպես ամերիկացիք են ասում՝ Low hanging fruit. հասած ու հասանելի միրգ, որ կարելի է արագ քաղել ու ստանալ բաղձալի Նոբելյան մրցանակը (էս մասով դեռ հունվարին էի գրել)։


Մի խոսքով՝ այս երկու օրերի ապոկալիպտիկ վերլուծությունների վակխանալիան հիմնականում անհիմն է, չնայած մտահոգություններ, անորոշություններն ու տեղեկատվական վակուում առաջացած կեղծ լուրերի պակաս չկա, բայց համբերենք ևս մի քանի ժամ»,- գրել է նա: