Թղթի վրա դրված ստորագրությունը գետնի վրա պետք է դառնա ահռելի աշխատանք․ Քրիստինե Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու ՀՀ–ԱՄՆ միջև երկկողմ պայմանագրի ստորագրումը Հայաստանի պատմության մեջ գծում են նոր էջ, որտեղ հին վախերը փոխարինվում են իրական հնարավորություններով։ Այսուհետ մեր տարածաշրջանում գերակշռելու են տնտեսական, առևտրային, ներդրումային խոսույթները, այլ ոչ երբեք՝ ռազմական սպառնալիքները։


Ժամանակն է, որ մենք՝ որպես ժողովուրդ, հրաժարվենք հին, մաշված և կեղծիքով լի բառապաշարից։ «Միջանցքը տվին», «թուրքը եկավ», «ծախեցին», «դավաճանեցին» և նման դատարկ խոսքերը այլևս ոչ թե մտահոգվածության, այլ անձնական տգիտության և անցյալում խրված լինելու վկայություն են։


Թղթի վրա դրված ստորագրությունը գետնի վրա պետք է դառնա ահռելի աշխատանք, որին պարտավոր ենք մասնակցել բոլորս՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով։ Կրթվելու, զարգանալու ժամանակն է․ դատարկաբանությունն ու պաթոսը այլևս երբեք տեղ չպետք է ունենան մեր մեջ։


Սա գրվող մի նոր պատմություն է, որի թանաքը բոլորիս ձեռքերում է, և մեր առջև դրված սպիտակ թղթի վրա ձեռագիրը մենք ենք թողնելու։ Այդ ձեռագրից է կախված լինելու մեր սերունդների երկարակեցությունն ու բարօրությունը։