Civic.am-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ում վերջին տարիներին ընդունված
պրակտիկա է, որ ՀԷՑ-ի ծախսերը հիմնականում իրականացվում էին «Տաշիր գրուպ» ընկերության
հետ աֆիլացված ընկերություններից, այդ թվում ՀԾԿՀ կողմից հաստատված Ներդրումային ծրագրերի
իրականացման մասով։
Մի շարք փորձագետների պնդմամբ՝ այդ ծախսերն զգալիորեն ուռճացված
էին։ Դրանցից են նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման էլեկտրոնային հաշվիչների մատակարարման
եւ ծրագրային ապահովման ծախսերը, որն իրականացվել է «Տաշիր գրուպ» ընկերության հետ
աֆիլացված մի ընկերությունից։ Խոսքն արդեն իսկ տեղադրված եւ շահագործման մեջ գտնվող՝
ավելիք քան 500 հազար հաշվիչների մասին է, որոնք աշխատում են թվային տեխնոլոգիաներով։
Եւ առաջիկայում ՀԷՑ-ում նախատեսվում է եւս մի քանի հարյուր հազար նմանատիպ սարքավորումների
ձեռքբերում, որոնք եւս պետք է աշխատեն նույն ծրագրային ապահովմամբ, ինչն արդեն ահռելի
գումարներով ներդրվել է մինչ այս գործընթացների մեկնարկը։
Օրերս ՀԷՑ-ը հայտարարել էր, որ նմանատիպ մի գնման գործընթաց կասեցվել
է Ժամանակավոր կառավարչի նախաձեռնությամբ, քանի որ մինչեւ վերջինիս նշանակումն էր տեղի
ունեցել այդ գնման ընթացակարգի մեկնարկը եւ դրանում հայտնաբերվել էին խտրական եւ ոչ
օբյեկտիվ մոտեցումներ, որի նպատակը այդ գործարքը եւս «Տաշիր» ընկերությունների խմբի
հետ փոխկապակցված կազմակերպությանը տալն էր։
Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը
Հայաստան է հրավիրել արտերկրում էներգետիկ ոլորտի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների,
որոնցից «Տաշիր գրուպի» հետ աֆիլացված ընկերությունը ձեռք էր բերում ծառայությունները
և ՀԷՑ-ի վրա վերավաճառում ուռճացված գներով։
Ակնկալվում է, որ ուղիղ արտադրողից ծրագրային ապահովումները ձեռք
բերելու պայմանավորվածությունների արդյունքում ՀԷՑ-ի ծախսերը միլիարդավոր դրամներով
կկրճատվեն։