Պատմաբան, «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի կարծիքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սպասված էր՝ 2020 թվականից ի վեր: «Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված այս պայթյունավտանգ իրավիճակի կոնտեքստում սպասում էի մի այնպիսի անվիճարկելի իրողության, որը գոնե մի քանի տասնամյակ տարածաշրջանում կբերի կայուն խաղաղություն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սաֆարյանը դիմում է պայմանագրի շուրջ «վայնասուն» բարձրացնողներին,
նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին. «Հիմա տեսա՞ք Հայաստանն ում է պետք, տեսա՞ք,
որ մեր ժողովուրդը, ՀՀ կառավարությունն ունի այնպիսի մի ռազմավարական դիրք ու նշանակություն
ամբողջ աշխարհի նոր ճարտարապետության մտածելակերպի մեջ, որ անհնար է մեզ ոտնակոխ անել
ու մեր շահերն անտեսել, մեզ վերաբերվել որպես մի գաղությալ ու ստրկական երկրի»։
Մեր զրուցակցի խոսքով՝ սա եղել է տքնաջան աշխատանքի արդյունք.
«Նույն տխրահռչակ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իր 9-րդ կետով շատ մեծ վտանգներ էր պարունակում։
Այսօր «ընդդիմադիրները» խոսում են Իրանի, Ռուսաստանի շահերից, Թուրքիայից եկող չափազանցված
վտանգներից, բայց ոչ մեկը Հայաստանի շահերից չի խոսում, հայակենտրոն որևէ բան չի ասում։
Մեր աղբահանային ընդդիմությունը գրպանահատ պնակալեզներ են, որոնք սպասում են տարվա
հինգերորդ եղանակին։ Այլ բան նրանց պլաններում, քաղաքական հարցազրույցներում, արժեհամակարգային
մոտեցումներում ես չեմ կարող տեսնել»։
Գագիկ Սաֆարյանի դիտարկմամբ՝ այժմ էլ Հայաստանը շատ մեծ խնդիրներ
ունի լուծելու։ Մեր զրուցակիցը չի բացառում, որ Խաղաղության պայմանագիրը ամբողջությամբ
կստորագրվի 2026 թվականի ընտրություններից առաջ. «Համոզված պետք է ասեմ, որ իշխանությունը
շատ անելիք ունի։ Եթե մեր պետությունը չկայացավ՝ մեր պայմանագիը թղթի արժեք չի ունենա»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան