«Հանդիպումը տեղի կունենա ռազմաբազայում». Ուշակովը՝ Պուտին-Թրամփ բանակցությունների նախապատրաստության մասին

Պուտինի և Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք հանդիպման ծրագիրը համաձայնեցված է, բանակցությունների տևողությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնի բանավեճը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


Պուտին-Թրամփ գագաթնաժողովի կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, սակայն կշոշափվեն նաև այլ թեմաներ, լրագրողներին ասել է նա։


Հանդիպումը կսկսվի Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ԱՄՆ ռազմաօդային բազայում՝ տեղի ժամանակով ժամը 11:30-ին՝ թարգմանիչների ներկայությամբ: Նախագահները նախ կհանդիպեն դեմ առ դեմ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:


Ընտրված վայրը պատմականորեն կարևոր է, որը հիշեցնում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ռազմական եղբայրությունը:


«Ռազմաբազայի մոտ, որտեղ կանցկացվեն Պուտինի և Թրամփի բանակցությունները, հուղարկավորված են ինը խորհրդային օդաչուներ, որոնք զոհվել են ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռներ տեղափոխելիս»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։


Պուտինի և Թրամփի բանակցությունները պատվիրակությունների կազմով կանցկացվեն «5-ը 5-ի» բանաձևով։ Ռուսական կողմից դրանց կմասնակցեն ինքը՝ Ուշակովը, ԱԳՆ, Պաշտպանության, Ֆինանսների նախարարությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Վյաչեսլավ Բելոուսովը և Անտոն Սիլուանովը, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։


 Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Թրամփը բանակցությունների արդյունքներով կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս: