Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.


«Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:


Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր ժողովուրդների և պետությունների միջև կապը, համատեղ և արդյունավետ կերպով արձագանքելու համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին:


Համոզված եմ, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցերի և շփումների միջոցով, նոր խթան կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության խորացմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն և հարատև առաջընթաց»: