«Տաշիր» հիմնադրամը միլիարդներ է փոխանցել Մայր Աթոռին. Գումարների մեծ մասի օգտագործման նպատակները հայտնի չեն

Օրերս ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, հայտարարելով «Մեր ձևով» շարժում սկսելու մասին, շարժման նպատակների շարքում, նկատենք՝  ամենավերջում,  նշել էր՝ «պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին»։ Թե ումից պիտի պաշտպանի գործարարը Սուրբ եկեղեցին ու ինչպես, ով է, որ սպառնում է եկեղեցուն՝ միայն իրեն ու իր թիմին է հայտնի։ Իսկ այ  պահպանություն ասելով, ենթադրում ենք, Կարապետյանը նկատի ունի  այն ահռելի ֆինանսական միջոցները, որոնք ամեն տարի իր ընտանիքին պատկանող «Տաշիր» բարեգործական ընկերությունը փոխանցում է եկեղեցուն։  


Պետական եկամուտների կոմիտեի՝ հիմնադրամների հաշվետվություններ բաժնից Civic.am-ը տեղեկանում է, որ մասնավորապես վերջին 5 տարիներին «Տաշիր»-ը միլիարդավոր դրամներ է հատկացրել տարբեր նպատակներ իրականացնելու համար։ Հիմնադրամի՝ 2019 թվականի գործունեության հաշվետվության մեջ, օրինակ, նշված է, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճի շենքի արտաքին և ներքին հարդարման աշխատանքների իրականացում» ծրագրի վրա հիմնադրամը ծախսել է 1 միլիարդ 443 մլն  942 հազար 704 դրամ։


2020 թվականի հաշվետվությունից  էլ տեղեկանում ենք, որ 115 մլն  770 հազար 568 դրամ է փոխանցվել Մայր Աթոռին, սակայն թե ինչ նպատակով՝ նշված չէ։


Եկեղեցուն հատկացված հաջորդ կլորիկ գումարն էլ «Տաշիր»-ը փոխանցել է 2021-ին՝ 55 մլն 518 հազար 794 դրամ. հաշվետությունից կարելի է եզրակացնել, որ գումարային այս արտահայտությամբ  են եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված ապրանքները, որոնք նշված են որպես  «օգնություն»։ Թե ինչ ապրանքների մասին է խոսքը՝ հաշվետվության մեջ չի մանրամասնվել։


Մայր Աթոռին, նկատենք, 2023 թվականին փոխանցվել է  համեստ գումար՝ ի համեմատ նախորդ տարիների փոխանցումների՝ 7 մլն 821 հազար 680 դրամ։ Նպատակը, սակայն, կրկին նշված չէ։ 2022-ին, ահա, բարեգործական հիմնադրամը  12 մլն 420 հազար 840 դրամ է հատկացրել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նկուղային հարկի պատուհանի, Ապակյա փաթեթի պատրաստում, տեղադրում, պրոֆիլի ներկում ծրագրի  նպատակով։


 Նախորդ՝ 2024 թվականին «Տաշիր»-ը Գարեգին Բ-ի տնօրինությանը՝ Մայր Աթոռին է փոխանցել 46 մլն 182 հազար 196 դրամ. թե որն է եղել ծրագրի նպատակը՝ հանրությանը չի իրազեկվել։


Նկատենք՝ եղեղեցաշեն Կարապետյանին ու նրա տիկնոջը պատկերող մեծադիր կտավը, որպես առ բարեգործ «հարգանց հավաստիք»՝ փակցված է Մայր Աթոռի վեհարանի պատին։ Կարապետյան ընտանիքի բարերարությամբ 2010-2019 թթ.  Մայր Աթոռում «հիմնանորոգման և բարեզարդման» աշխատանքներ են իրականցվել։


Հիշեցնենք՝ տարիներ առաջ այս փաստի առթիվ  սոցցանցային հարթակում բուռն քննարկում էր ընթանում։ Օգտատերերը մասնավորապես բողոքում էին, որ փառաբանության նման ակտը  հակասում է երկրորդ պատվիրանին՝ վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ (Ելից. 20:4): «Սամվել Կարապետյանի և տիկնոջ մեծադիր «կտավը» օր առաջ պետք է դուրս բերվի Սուրբ Էջմիածնի վեհարանից։  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը Հայ Առաքելական Եկեղեցու Հավատացյալների համար նույնն է,  ինչ Վատիկանը՝ Կաթոլիկ եկեղեցու համար։ Կարելի՞ էր արդյոք պատկերացնել, որ Վատիկանում Սամվել Կարապետյանի և տիկնոջ մեծադիր կտավի նման մի նկար կախված լինի»,- նկատել էր օգտատերերից մեկը։    


Նշենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսի 25-ին, հետապնդում է սոցիալական, բարեգործական, կրթական, գիտական, հանրօգուտ նպատակներ։ Թե որքան գումար է փոխանցել հիմնադրամը նախորդ տարիներին, սկսած առնվազն 2009 թվականից, մեզ պարզել չհաջողվեց՝ համապատասխան հաշվետվություններ բաց աղբյուրներում չգտանք։


Հիմնադրամի կանոնադրության վերջին փոփոխությունը, նշենք,  տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 17-ին, իրավաբանական  հասցեն է Լոռի, քաղաք Տաշիր։

 

 

Հ. Մանուկյան