ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ամփոփել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ տարբեր երկրների իր գործընկերների հետ ունեցած հեռախոսազրույցները, որոնք հաջորդել են վաշինգտոնյան բանակցություններին:
Ըստ այդմ՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բանակցություններ է վարել Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ղազախստանի իր գործընկերների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ՝ քննարկելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրում արտացոլված և ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պատմական իրադարձության, այդ թվում՝ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ողջունելու և գործընթացին աջակցելու համար։
Տեղի է ունեցել հեռախոսազրույց նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որի ընթացքում քննարկվել են հռչակագրի իրականացման և վստահության ամրապնդման միջոցառումները։