Ամերիկյան համալսարանի փոխդեկան Վահրամ Տեր-Մաթևոսյանի պարզաբանումները

Օրերս Ամերիկյան համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին նյութ էինք հրապարակել, որում անդրադարձել էինք Ամերիկյան համալսարանի  հումանիտար և հասարակագիտական գիտությունների ֆակուլտետի փոխդեկան Վահրամ Տեր-Մաթևոսյանի կողմից վերջինիս ընկերոջը՝ Սամվել Ֆարմանյանին առաջ մղելուն, նրա դասաժամերն ավելացնելուն և ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ պայմանագիրը չերկարաձգելուն։


Այս հրապարակումից և դրան հաջորդած զարգացումներից հետո պարզ դարձավ, որ Սամվել Ֆարմանյանն այլևս չի դասավանդելու համալսարանում, միաժամանակ Վահրամ Տեր-Մաթևոսյանը պարզաբանեց, որ ի հակառակ մեր նյութում տեղադրված պնդման՝ վերջինս չի հանդիսացել և չի հանդիսանում Հանրապետական կուսակցության անդամ։ Նա 2012 թվականին որպես անկուսակցական է ընդգրկված եղել ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում։


«Իսկ իմ ներգրավվածության պատճառն այն էր, որ որպես երիտասարդ գիտնական, տեսնելով գիտության և կրթության ոլորտում  առկա խորքային ու ցավալի խնդիրները, ցանկություն ունեի մասնակցելու հատկապես գիտության և կրթության քաղաքականության ձևավորման ու փոփոխությունների իրականացման օրենսդրական գործընթացին։ Սակայն ընտրություններից հետո շատ արագ պարզ դարձավ, որ այդ հնարավորությունն ինձ այդպես էլ չէր տրվելու»,- ասաց Տեր-Մաթևոսյանը։


Գրել էինք նաև, որ Տեր-Մաթևոսյանը զբաղված է խաղաղության հակաքարոզով և այս ֆոնին իր որդիներին փախցրել է բանակից։ Պարոն Տեր-Մաթևոսյանին խիստ վիրավորել էր խաղաղության հակաքարոզող լինելու մեր բնութագրումը։ Նշեց, որ խաղաղությունն իր համար անգին է, քանզի այն պետության բարգավաճման կարևոր գրավականներից մեկն է։ Իսկ որդիները չեն խուսափել բանակից։ Ըստ Տեր-Մաթևոսյանի պարզաբանման՝ իր երկու որդիները ծնվել են Նորվեգիայում և մեծ ցանկության դեպքում կարող էին նաև այնտեղի քաղաքացիներ լինել։ Մինչդեռ վերջիններս վերադարձլ են հայրենիք՝ զինվորական հաշվառում անցել Հայաստանում։ «Իմ երկու որդիներն այժմ սովորում են Շանհայի դասակարգման ցուցակում ընդգրկված աշխարհի  լավագույն 50 բուհերից մեկում՝ Նյու Յորքի համալսարանում, որի համար, ըստ սահմանված կարգի, ստացել են տարկետում, իսկ ուսումնառության ավարտից հետո վերադառնալու են Հայաստան և անցնեն պարտադիր զինվորական ծառայության»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

 

Վովա Հակոբյան