Այն, որ Հայաստանում ՀԷՑ-ը կարող է անջատել կամայական թոշակառուի հոսանքը ընդամենը 5000 դրամ պարտքի համար, ոչ մեկի համար նորություն չէ։ Նույնը կամ գրեթե նույնը կարող է տեղի ունենալ նաև յուրաքանչյուր բիզնեսի հետ։ Յուրաքանչյուր, բայց պարզվում է՝ ոչ «Տաշիր գրուպի» հետ փոխկապակցված ընկերության։
ՀԷՑ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հրազդանում գործում է «Տաշիր գրուպի» հետ փոխկապակցված «Տ-Մետալ»
ընկերությունը, որը զբաղվում է երկաթե կոնստրուկցիաների պահպանմամբ, և ահա այս ընկերությունը
բավականին երկար ժամանակահատվածում կուտակել է մոտ 800 միլիոն դրամի պարտք (ավելի քան
2 միլիոն դոլար), և եթե այլ սպառողները մեկ ամիս չվճարելու դեպքում արդեն իսկ բախվում
են առանց հոսանքի մնալու և տույժ-տուգանքների ռիսկի, ապա «Տաշիրի» հետ փոխկապակցված
ընկերության նկատմամբ 2 միլիոն դոլարի պարտքի դեպքում անգամ 5000 դրամի տույժ ու տուգանք
չէր կիրառվել։
Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ծանոթանալով
հարցին, հանձնարարել է մոտ 150 միլիոն դրամի տույժ-տուգանք կիրառել ընկերության նկատմամբ
և 2 ամիս ժամկետ տալ վճարման համար, վերջինիս կողմից վճարման ենթակա գումարն էլ փաստացի
դարձել է մոտ 1 միլիարդ։
Կարող է թվալ, թե անտրամաբանական է գումարը մի գրպանից
մյուսը դնելուց «Տաշիր գրուպի» այսպես խուսափելը, սակայն խնդիրն այն է, որ մեկ միլիարդանոց
այս տրանզակցիայի արդյունքում պիտի գոյանա մոտ 200 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ,
որը վճարվում է պետությանը։
Հ.Գ. Վաղը ամսի 20-ն է,
վճարեք
էլեկտրաէներգիայի ծախսի գումարը և կարող եք արդեն իմանալ, որ հիմա արդեն բոլորն են
վճարում։