«Սրբազան պայքար» կոչվող շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանի և մյուսների քրեական գործով նախնական դատալսումների ժամանակ եկեղեցու բարձր սպասավորը ուշագրավ հայտարարություն է արել՝ արձագանքելով իրեն ավազանի անունով դիմած դատավորին։ Թե՝ Վազգեն Գալստանյանը 1995թ. մահացել է, ինքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։ «Գիտեմ դատական կարգը, բայց իմ առաջարկն ու հորդորն է՝ ինձ Վազգեն Գալստանյան չդիմել։ Հասկանում եմ, որ կարող եք պատճառաբանել, թե դա քաղաքացիական դիմում է, բայց ես 1995 թվականին ձեռնադրվել եմ հոգևորական, ստացել Բագրատ անունը, այն ժամանակ՝ Բագրատ աբեղա, այնուհետև՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն եմ՝ արդեն 22 տարի»,- նշել է ամբաստանյալը։
«Մեռնել» ասելով Գալստանյանը, ենթադրաբար, ակնարկում է, որ 1995
թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվելով կուսակրոն քահանա՝ այլևս դադարել է գոյություն ունենալ որպես Վազգեն՝ իրեն
ընծայելով Աստծուն, դառնալով Ս. Հոգու շնորհաբաշխության պաշտոնյա։ Ձեռնադրությունը, նշենք, Ավետարան
քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկություն շնորհելու,
ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է:
Ձեռնադրությունը տրվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով:
Խորհուրդը Մկրտության ու Դրոշմի նման անկրկնելի և անջնջելի է:
Երբ 2024-ին արքեպիսկոպոս Գալստանյանը դուրս եկավ տաճարից ու այն փոխարինեց փողոցով՝
մտնելով աշխարհիկ թերևս ամենակեղտոտ պրոցեսի՝ քաղաքականության մեջ, այդ վայրկյանից
սկսած է, որ ապրեց իր երկրորդ ու իսկական
մահը՝ դադարելով լինել Ս. Հոգու շնորհաբաշխության պաշտոնյա։
«Մեռած, բայց չթաղած» հոգևորականի «ինքնահուղարկավորությանը»
հայ հանրությունը հաղորդակից դարձավ
ամիսներ առաջ, երբ ՔԿ-ն հրապարակեց Գալստանյանի և մյուսների վերաբերյալ
աղմկահարույց ձայնագրությունները։ Դրանցից մեկում հնչող մասնավորապես այն հայտարարությունը,
որտեղ վերջինս խոսում է «պատերի տակ
գյուլլելու» մասին, Բագրատ Գալստանյան հոգևորականի ինքնաոչնչացման մասին է։ Երբ
հոգևորականը քննարկում է Աստծո որևէ զավակի՝ անկախ նրա ով լինելուց ու կատարած արարքից,
դիտավորությամբ կյանքից զրկելու հարցը, դա, կհամաձայնեք, հակաաստվածային լինելուց
զատ՝ նաև
ծայրահեղ նողկալի է, զազրելի ու
քստմնելի։
Հիշեցնենք` Վ.
Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից
նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի
քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ
թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի
Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր
ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված
եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես
Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր
Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի,
Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան
Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի
կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար
անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ
պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հ. Մ.