«Ռուսները գրեթե անմիջապես գնացին զիջումների». Նոր մանրամասներ Թրամփ-Պուտին հանդիպումից

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը նոր մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպման մասին։


Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ռուս պաշտոնատար անձինք զիջումների են գնացել «գրեթե անմիջապես». «Ռուսները գրեթե անմիջապես զիջումների են գնացել Ալյասկայում կայացած առաջին հանդիպման ժամանակ։ Այդ զիջումները մասամբ մեզ օգնեցին հասկանալ՝ կարո՞ղ ենք արդյոք տեսնել, որ նրանք պատրաստ են լինել ավելի համոզվող»։


Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփն ու նրա թիմը Անքորիջի հանդիպման ժամանակ կենտրոնացել են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի վրա, այլ ոչ թե Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի։


«Մենք այնտեղ բավականին շատ ժամանակ ենք անցկացրել, քանի որ իսկապես առաջընթաց ենք գրանցել այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնագրին,- հավելել է Ուիթքոֆը։- Ալյասկայում այդ հանդիպման ժամանակ նախագահ (Թրամփը) սկսեց հասկանալ, որ մենք ունենք բազմաթիվ նախադրյալներ խաղաղության համաձայնագրի համար, ուրեմն ինչո՞ւ չձգտել լիարժեք խաղաղության համաձայնագրի կնքման»։


Ուիթքոֆը նաև հայտնել է, որ ընդհանուր առմամբ մոտ 24-25 ժամ է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի հետ հանդիպումների վրա։ Նա վերջին անգամ Մոսկվա է այցելել օգոստոսի 6-ին: Նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տևել են մոտ երեք ժամ։


Տարեսկզբից Թրամփի հատուկ բանագնացը Ռուսաստան է այցելել հինգ անգամ։