Գևորգ Պապոյանը և ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակությունը քննարկել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 20-ին ընդունել է ODDO BHF ֆինանսական խմբի պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Լիլյա Սիրականյանը և Անուշիկ Ավետյանը։


Հանդիպման սկզբում հյուրերը ներկայացրել են ODDO BHF խմբի գործունեությունը, ինչպես նաև խոշոր ընկերություններին ու ֆինանսական կառույցներին տրամադրվող աջակցության մեխանիզմները։



Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող տնտեսական և ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններին ու տեղական ընկերություններին ֆինանսական օժանդակության հնարավոր ձևաչափերին։



ODDO BHF-ն անկախ ֆինանսական ծառայությունների խումբ է, որի հիմնական գործունեությունն ուղղված է մասնավոր կապիտալի կառավարմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Կառավարվող ակտիվների ծավալը կազմում է մոտ 140 մլրդ եվրո։