«Միֆեր կային 30 տարի դաջված,
որոնք, ցավոք սրտի, 44-օրյա պատերազմում ջարդվեցին մեր գլխին։ Դրանցից մեկն այն էր,
որ մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում։ Դա տարիներ շարունակ
ծեծվում էր, սակայն կյանքը ցույց տվեց, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն չի լինում,
լինում է կամ պատերազմ, կամ խաղաղություն»,-Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով
Սպիտակ տանը օրերս ստորագրված, նախաստորագրված փաստաթղթերին։
Նա նշեց, որ քաղաքացիների հետ
շփման ժամանակ զգացել է, որ հասարակությունը վաշինգտոնյան գործընթացից հետո էմոցիոնալ
առումով շատ ավելի հանգիստ վիճակում է, որոշակի թեթևություն է զգում։ «Բացի էմոցիոնալ
մասից՝ մենք նաև բացվում ենք աշխարհի առաջ որպես պետություն, ես վստահ եմ, որ հաջորդ
քայլերը կբերեն սահմանների բացման, կունենանք տրանզիտ բեռնափոխադրումներ, ՀՀ-ով ենթակառուցվածքներ
և ի վերջո կբացվենք աշխարհի առաջ։ Մենք չորս հարևան ունենք՝ երկու կողմից փակ սահմաններով։
Սա լրիվ նոր հնարավորություններ է բերում։ Մենք սովոր չենք այսպիսի պայմաններում ապրելու։
Բայց մենք հավատում ենք, որ խաղաղության դարաշրջան ենք բերում և բերել Հայաստանին,
հավատում ենք, որ երազանքների Հայաստան ունենք մեր գլխում պահած և ամենօրյա աշխատանքով
պետք է այդ Հայաստանը հողի վրա կերտենք։ Դա բավական ծանր աշխատանք է, որը պետք է անել,
կանգ չառնել, չհոգնել»։
Անդրադառնալով ընդդիմության այն
շահարկումներին, թե՝ խաղաղության համաձայնագիրն ընդամենը թղթի կտոր է, որը իրականում, գետնի վրա խաղաղություն
չի երաշխավորելու, դա պետք է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի թափահարի գալիք համապետական
ընտրությունների ժամանակ, իսկ եթե իրենք գան
իշխանության, նոր փաստաթուղթ, նոր բովանդակություն կբանակցեն՝ պատգամավորը հակադարձեց.
«Բանակցող էին, թող բանակցեին։ 20 տարի իշխանություն
էին, դաշնակներն էլ կոալիցիա էին, թող բանակցեին, ո՞ւմ էին սպասում։ Բա 2018 թվականին
ինչո՞ւ նման իրավիճակ ունեինք, որի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Լևոն
Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ամենավատ իշխանությունն այն իշխանությունն է, որը որոշումներ
չի կայացնում։ Բա ինչո՞ւ չգնաց որոշումների կայացման, հրաժարական տվեց՝ ասելով՝ պատերազմի
կուսակցությունը հաղթեց խաղաղության կուսակցությանը։ Որովհետև լեգիտիմ չէր, ճնշումներին
չէր կարող դիմանալ։ Օրինակ՝ չէր կարող Հանրապետության
հրապարակում ՀՀ վարչապետի նման կանգնել ու ասել՝ սա եմ ուզում անել որպես երկրի ղեկավար,
և ժողովուրդը կկանգներ կողքը։ Որովհետև լեգիտիմ չէր, մարդ չէր կանգնելու կողքը։ Հրաժարական
տվեց, փախավ, էնպես, ինչպես մարտի 1-ին փախավ տնային կալանքի՝ 10 դիակները թողնելով
Երևանի կենտրոնում։ Ռոբերտ Քոչարյանը թող բանակցեր։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրը
10 տարի ձգեցին, ձգեցին «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» միֆերով։ Դա ժամանակ էր երկիրը
լափելու, թալանելու, գյուղական բնակավայրերը հարստահարելու՝ մինչև Երևանի կենտրոն»,-
ազդարարեց պատգամավորը։
Արեն Մկրտչյանի հետ մեր զրույցի այլ ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան