Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներում Ռուսաստանին և Չինաստանին ներառելու անհրաժեշտության մասին, փաստացի խափանել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները, հաղորդում է Bloomberg-ը:
Ինչպես նշում է պարբերականը, Լավրովը պահանջ է ներկայացրել, համաձայն որի՝ Ռուսաստանը և Չինաստանը պետք է դառնան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ցանկացած համաձայնագրի մաս:
Այդ հայտարարությունը հնչել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերի ֆոնին, որը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ Չինաստանը չի կարող հանդես գալ որպես խաղաղության
երաշխավոր, քանի որ Պեկինը պատերազմի սկզբում չի աջակցել Կիևին և, ընդհակառակը,
աջակցել է Ռուսաստանին։
Bloomberg-ի հետ զրույցում մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ և
դիվանագետներ Լավրովի մեկնաբանությունները համարել են խաղաղության գործընթացը
կասեցնելու փորձ: Նրանց խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները
կասկած են հարուցում առ այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է
համաձայնագրի կնքման:
Գործակալության աղբյուրները նաև ենթադրել են, որ Կրեմլը կարող է փորձել
համոզել Սպիտակ տանը հրաժարվել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու
գաղափարից: Բացի դրանից, նրանց կարծիքով, Մոսկվան, հավանաբար, կձգտի իջեցնել Զելենսկու
և Պուտինի միջև հնարավոր գագաթնաժողովի մակարդակը՝ մինչև ավելի ցածր ռանգի պաշտոնյաների հանդիպման, որպեսզի
խուսափի Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցներից: