ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ս.թ. մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2024 թ. գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Civic.am-ը ԿԿՀ կայքից տեղեկացավ, որ 2024 թվականին առաջին նախագահը հայտարարագրել է Երևանում միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 1 հողամաս (1998 թ.), հասարակական նշանակության 3 շինություն, որոնցից երկուսի համասեփականատերն է, մեկի՝ միանձնյա սեփականատերը (գույքերը գնել է 2008, 2002, 2005 թվականներին), միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող անհատական բնակելի 1 տուն (1998 թ.)։
Առաջին նախագահը
հաշվետու տարում՝ 2024-ին, օտարել է (նվիրատվության կարգով) գույքերից մեկը՝ միանձնյա
սեփականությամբ իրեն պատկանող հասարակական նշանակության շինությունը որդուն՝ Դավիթ
Տեր-Պետրոսյանին։ Որպես տրանսպորտային միջոց նախկին նախագահը հայտարարագրել է 1997 թ. արտադրության Lincoln ավտոմեքենա, որը նվիրատվության կարգով ձեռք է բերել 1998 թվականին։ Տեր-Պետրոսյանը
նաև 4 մլն դրամանոց երեք գեղանկարի սեփականատեր է, որոնք ձեռք է բերել նվիրատվության
կարգով՝ 2000, 2002, 2005 թվականներին։ Նրա դրամական միջոցները տարեվերջին կազմել են
ավելի քան 2 մլն դրամ՝ երկու տարբեր բանկերում։ Որպես կանխիկ դրամ առաջին նախագահը
հայտարարագրել է 4 մլն դրամ, որպես եկամուտ՝ 13 մլն 977 հազար 600 դրամ կենսաթոշակն
ու «Փափայա» ՍՊԸ-ից ստացած 2 մլն 442 հազար դրամը (ընդհանուր՝ 16 մլն 419 հազար
600 դրամ):
Նշենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը հաճախ է հանդես գալիս գործող իշխանությանը, մասնավորապես
վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված
կոշտ քննադատությամբ։ Վարչապետն էլ իր վերջին գրառման մեջ, հիշեցնելով վերջինիս անցյալը, առաջարկելէր
առաջին նախագահին՝ «պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը»։
Հ. Մ.