«Ուկրաինան անկախ է». ռուսական 116 հեռուստաալիքներով ցուցադրվել է «չարտոնված» տեսանյութ ՌԴ բանակի իրական կորուստների մասին

Օգոստոսի 24-ի երեկոյան՝ Ուկրաինայի անկախության օրը, ռուսական հեռուստաալիքներով ցուցադրվել է տեսանյութ, որում պատկերված էին ռուսական բանակի իրական կորուստները Ուկրաինայի դեմ պատերազմում: Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում РБК-Ուկրաինայի աղբյուրները:


Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ տեղական կիբերպարտիզաններին հաջողվել է կոտրել ռուսական «№ 3» փրովայդերը և միաժամանակ հեռարձակել «չարտոնված» տեսանյութը 116 հեռուստաալիքներով: Բացի դրանից, կիբերակտիվիստները արգելափակել են ադմինիստրատորների մուտքը սերվերներ, որպեսզի դժվարացնեն հեռարձակման ընդհատումը:


Արդյունքում Մոսկվայից և Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջաններից առնվազն 50.000 բաժանորդներ իրենց էկրաններին ավելի քան երեք ժամ դիտել են ռուսական նավթավերամշակման գործարանների ոչնչացման և զինվորականների հուղարկավորության կադրերը: Թվային հեռուստատեսություն չունեցող հեռուստադիտողների համար հեռարձակումը հասանելի է եղել Apple Store, Google Play, Smart TV և մալուխային ցանցերի միջոցով: