Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ զրուցել ենք օգոստոսի
23-ին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հանելու պահանջով բողոքի ակցիայի,
հակառակ պահանջով մեկ այլ բողոքի ակցիայի մասնակիցների նպատակների և այլ հարցերի մասին։
Նա նշեց, որ ռուսական ռազմական ներկայությանը, որպես
մարդու իրավունքների մարտահրավերներ, դեռևս 2019 թվականին են անդրադարձել, երբ Մոլդովայի
և Ուկրաինայի իրենց գործընկերների հետ համատեղ զեկույց պատրաստեցին, և հաշվի առնելով,
որ ռուսական ռազմական ներկայությունը բավականին ինստիտուցիոնալ առումով ներկա էր հենց
այդ երեք հետխորհրդային պետություններում, իրենք համատեղ զեկույցով անդրադարձել են,
ու սա նոր խնդիր չէ։
«Բայց այն, որ խոսում են, թե
իբրև այդ բազան ՀՀ անվտանգության համակարգի մասն է, մենք էդպես էլ տեսանք, որ մատը
մատին չխփեց հենց ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ժամանակահատվածում։
Եվ փաստ է, որ 150 կմ օկուպացված է, զավթված է Ադրբեջանի կողմից, և ռուսական բազան
որևէ քայլ չի կատարել այդ ոտնձգությունը կանխելու կամ այդ ոտնձգության դեմ քայլ կատարելու
համար։ Ընդհանրապես ՌԴ քաղաքական ղեկավարությունը քննադատական որևէ խոսք անգամ չի ասել
այդ ագրեսիայի վերաբերյալ»,- ասաց Արթուր Սաքունցը։
Խոսելով նաև այն մասին, որ օգոստոսի
8-ի վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրումից հետո հայաստանյան ընդդիմությունը զբաղված
է այդ փաստաթուղթը վատաբանելով՝ իրավապաշտպանն ասաց, որ նախ ընդդիմություն կոչեցյալները հայտնի են որպես ՌԴ քաղաքական շահերը
ներկայացնողներ և ոչ թե ՀՀ քաղաքական շահերը ներկայացնողներ, և եթե անգամ Հայաստանը
պետք է կործանվի հանուն ՌԴ-ի քաղաքական շահերի, ապա այդ մարդիկ պատրաստ են այդ ամենը
զոհաբերել, որի ականատեսն ենք եղել։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան