Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստման համար մեղադրվող անձի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու հարցին և անձնական երաշխավորությամբ հանդես գալու համար դատարանում գտնված անձանց:
«Թերևս անուններն ավելի խոսուն են:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում քննարկվում էր Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող անձի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու հարցը։
Եվ պատկերացրեք, անձնական երաշխավորությամբ հանդես գալու համար դատարան էին ժամանել դաշնակցական պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Քրիստինե Վարդանյանը, ինչպես նաև ՀՀԿ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը (անկեղծ ասած՝ այստեղ իսկապես զարմացա․ ՀՀԿ-ն ու «ռոբադաշնակները» իմ պատկերացմամբ գոնե նման թեմաներում այլ ճամբարում էին երևում, զարմանալիից բացի զավեշտալի էր նաև Զ. Փոստանջյանի պաշտպանյալի համար ՀՀԿ-ականի այնտեղ լինելը (կոյուղաջրերը հիշեցի ու ԵԽԽՎ-ի հայտնի խաղատան հարցն ու Սերժ Սարգսյանին կեղծարարության ու խաղամոլության մեջ մեղադրանքները. միգուցե արդեն համաձայն եք չգիտենք…)
Հիշեցնեմ՝ մեղադրյալի բնակության վայրից խուզարկությամբ հայտնաբերվել էր Ֆ1 մարտական նռնակ իր պայթուցիչով, և ամենահետաքրքիրը՝ մեղադրյալը հանգիստ ձևով ընդունել է, որ դա իրենն է։
Պաշտպանությունը վստահվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամին (Քոչարյանի Թևանյանի թիմից)՝ Զարուհի Փոստանջյանին։
Իսկ մինչև դատաքննության մեկնարկը մեղադրյալի կալանքը փոխելու օգտին միջնորդել էին արդեն ծանոթ «պրոռուսական կողմնորոշում ունեցող շրջանակները»։
Նրանց թվում՝ «Հայելի»-ի Անժելան, Հրանտ Բագրատյանը և ևս մի խումբ «խաղաղասիրական» դեմքեր (ամբողջական ցուցակը չնշեմ՝ ավելի հետաքրքիր կլինի, եթե ինքներդ պատկերացնեք)։
Այս անունները կարդալուց հետո հետևությունները թողնում եմ ձեզ...»,- գրել է նա: