Իմպիչմենթի «դոզայի տակ» մնացածները կամ՝ ընդդիմությունն ի՞նչ օրակարգով է աշնանը ԱԺ վերադառնալու

Օրեր անց մեկնարկելու է ԱԺ հերթական՝ աշնանային նստաշրջանը, ու հերթական քաղաքական ամառը հորով-մորով արած, այն է՝ Փաշինյանի հեռացման թեման  «ծամծմած», բայց այդպես էլ «կուլ տալ» չկարողացած ընդդիմությունը վերադառնալու է ԱԺ՝ գործի։ Անչափ հետաքրքիր է՝ ի՞նչ օրակարգով՝ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների, խաղաղության գործընթացի դեմ ուլտրահայրենասիրական պայքար մղելո՞վ՝ գուժելով դրանց կործարար կամ Աշոտյանի ասած՝ «որդնած» լինելու մասին, դրանց պատճենները ԱԺ գլխավոր ամբիոնի մոտ Գեղամ Մանուկյանի ձեռամբ ռազմահայրենասիրաբար պատռել-դեն նետելո՞վ,  թե՞ այս ընթացքում իրենց մեջ ուժ են գտել ու հղացել այլ՝ ադեկվատ, բացառապես սեփական երկրի շահերից թելադրված օրակարգ ու  խորհրդարանի   պատերը ցնցելու են նոր, թարմ, այսպես ասած՝ бодрящий առաջարկներով։ Լավատեսությունը լավ բան է, սակայն «տառապանքի փորձը»  ցույց է տալիս, որ  ընդդիմությունը յոթ երգ գիտի, յոթն էլ «վատատեսական»... Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ 


Հետևապես ենթադրելի է, որ պարոնայք ու տիկնայք օպոզիցիոներները սեպտեմբերյան, ինչպես նաև հետագա ամիսների ԱԺ նիստերը կնշանավորեն երկու թեմատիկա, գործընթաց համադրելով՝ խաղաղության համաձայնագրի, ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագրի ձաղկում և այդ ֆոնին  Փաշինյանի հեռացման հարցի բարձրացում՝ երկրորդ գործընթացին գոնե քիչ մը լեգիտիմություն հաղորդելու մղումով։ Կարելի է կռահել ընդդիմության գործելակերպի հիմնական շեշտադրումները՝ խաղաղության համաձայնագիրը «քըխ» է, «կործանարար» «կապիտուլյացիոն», հետևապես պետք է նման թուղթ բանակցածին  անվստահություն հայտնելու գործընթաց սկսել... դե էն, էլի՜, մի քանի անգամ «ցրցամված» ու էդպես էլ «չկարված» իմպիչմենթը։ Բա ինչո՞վ արդարացնել իրենց՝ գործի գնալն ու աշխատավարձ ստանալը։ Պե՞տք է ընդդիմադիրի «ֆորմի» մեջ մնալու համար մի բան բզբզալ։ Ջհանդամ, որ էլի  ու մի քանի անգամ՝ մինչև «ուրբաթ օրը»՝ ԱԺ ընտրությունները, կձախողեն՝ մի անգամ հարմար, այսինքն՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների  քիմքին միաժամանակ հաճո վարչապետացու չեն գտնի, մի անգամ կգտնեն՝ բավարար չափով ստորագրություններ չեն կարող հավաքել գործընթացի իրավական մասը հոգալու՝ շրջանառության մեջ դնելու համար, մի անգամ էլ թեկնածու կառաջադրեն, բայց այդ թեկնածուն ձևեր կթափի, թե՝ «սպասիբո, նե նադո, լիովին բավարարված եմ, իմ անունը չշահարկեք-չշրջանառեք վարչապետացուների ցանկում», և այսպես շարունակ։  


Հա, ի դեպ, շրջանառել ասացինք՝ հիշեցինք՝  մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե ընդդիմությունը, մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը «Աջապահյանի թեկնածությամբ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է ծրագրել»։  Ու թեև սույն  խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը, որն, ի դեպ, իր գործընկեր երկու պատգամավորի հետ օրերս կալանավայրում տեսակցել է Աջապահյանին, թերթերից մեկին հայտնել է, թե  «բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով, այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել», սակայն, ինչպես երևում է,  Աջապահյանի թեկնածությունը՝ որպես «նեղ դրության» մեջ գտնվողի, խորհրդարանական ընդդիմությունը չի դադարել դիտարկել վարչապետացուների ցանկում։ Դե... Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանի թեման փակ է՝ նա վարչապետացու դառնալ չի կարող՝ Սահմանադրության հետ խնդիր ունի, իսկ այ Աջապահյանը... չի բացառվում, որ իրեն թեկնածու առաջադրելու դեպքում էլի մի քիչ չեմուչում անի, բայց վերջում համաձայնի՝ մաս դառնալով անօրակարգ մնացած ընդդիմության քաղաքական շոուին (նա, հիշեցնենք, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, թե միանում է Աջապահյանի  թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, կալանավայրից հորդորագիր էր հղել՝  չշրջանառել իր անունը որպես վարչապետի թեկնածու։  Հարկ է նկատել, որ «Պատիվ ունեմ»-ը հապաղում էր միանալ այդ նախաձեռնությանը, քանի որ, ինչպես մամուլն էր գրել՝ Սերժ Սարգսյանը նրա թեկնածության վերաբերյալ իր «ադաբրյամսը» չէր հայտնել։ Երևի չէր կարողացել «կուլ» տալ վերջինիս՝ իր հասցեին հնչեցված կշտամբանքները)։ Շիրակի թեմի առաջնորդը, հիշեցնենք, մեկ տարի առաջ այս օրերին, երբ իր հոգևոր աշակերտ Գալստանյանի առաջնորդած «սրբազան շարժումը» փակուղի էր մտել,  իր հարցազրույցներից մեկում սկանդալային հայտարարություն էր արել նախկին նախագահների՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին. «Ես ակնարկել եմ այս վերջին ամիսներին, հիմա էլ բացահայտ կասեմ՝ Բագրատ սրբազանի որոշակի անհաջողության պատճառը նախկին նախագահների ստվերներն են ու ուրվականները: Դրանցից սրբազանը չի կարող ազատվել: Այդ ուրվականների հեղինակները պետք է իրենք հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունն է դա պահանջում: Եվ եթե իրենք դա չեն անում, ապա իրենք հայրենիքի մասին չեն մտածում, այլ միայն ընդդիմության իշխանությունը պահպանելու մասին: Երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից: Եվ երկրորդ նախագահը, և իր որդին պետք է իրոք, փաստացի հեռանան։ Երրորդ նախագահը պետք է բաց թողնի այդ «Հանրապետական» կուսակցությանը, ինչպես պատահական մտավ, այնպես էլ պատահական պիտի դուրս գա: Այլապես ոչինչ հնարավոր չէ: Սա պետք է անել, եթե մինչև հիմա չեն անում, ուրեմն չեն ուզում, որ լինի: Չպիտի Բագրատ Սրբազանը գնա, ասի՝ հեռացեք, իրենք էլ խռովեն, իրենց ամբողջ ռեսուրսներով թողնեն-գնան: Իրենք պետք է հասկանան ու թողնեն գնան: Իրենց սխալների պատճառով ժողովրդի ճնշող մեծամասնությունն իրենց անունը լսել չի ուզում: Իրենք պիտի հայրենիքի փրկության համար ասեն՝ լավ, թող ես կորչեմ, բայց հայրենիքը փրկվի»: Նույն Աջապահյանը, նկատենք, այս տարվա ապրիլին, երբ Գյումրիում ՏԻՄ ընտրություններ էին, իր հարցազրույցներից մեկում նորից «վրաերթի» էր ենթարկել  Սերժ Սարգսյանին՝ ասելով՝ երրորդ նախագահին շատ է քննադատում, «որովհետև ինքը հիմնական դերակատարն է ընդդիմության կոլապսի, միայն Գյումրիում չէ, ամբողջ հանրապետությունում: Հիմա թող հանրապետականները հարձակվեն, այդ հարձակումն արդեն խոսում է այդ մասին: Վերջերս ի՞նչ ասացի, ասացի՝ Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա»: 


Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա քրեական հետապնդման ենթարկվող հոգևորականը նույն հարցազրույցում նկատել էր՝ «Քոչարյանը տղամարդ ղեկավար է: Ղեկավարը պետք է տղամարդ լինի, ոչ թե ճղճղան, ինչպես ոմանք»:


Այս՝ «սրբագրական» հայտարարությամբ, ինչպես երևում է, հոգևորականը ներում է հայցել քինախնդիր Քոչարյանից, այլապես նրա կուրացիայի տակ գտնվող պատգամավորներն իրենց ծանր տեղը չէին թեթևացնի՝ վարչապետացու առաջադրելով մեկին, որը կուլտուրական ոճով հորդորում էր որդու հետ ձեռք ձեռքի տալ ու... «ռադ լինել» քաղաքական դաշտից։ Աջապահյանի այս հորդորն, ի դեպ, այսօր էլ ակտուալ է, և եթե դրա հասցեատերերը քաղաքական տարրական հոտառություն ունեն, ապա պետք է դեմքով շրջվեն դեպի ժողովուրդն ու ողջունեն վերջինիս կողմից ողջունվածը՝ խաղաղության գործընթացը, հանրային համերաշխություն գեներացնեն դրա շուրջը, քանի որ ինչքան էլ իրենց պատռեն մեջտեղից,  մեկ է՝ այն այլընտրանք չունի։ Ընդ որում, այն նույն  բովանդակությամբ, որը հետպատերազմական իրողությունների պայմաններում բանակցվել,  նախաստորագրվել է ու ենթակա է վավերացման։  


Հ.Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կես տարուց մի քիչ ավելի է մնացել մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները, ընդդիմությունը, հարկավ, պետք է  (հատկապես խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո) մրցունակ, այլընտրանքային օրակարգ ձևակերպի՝ կողմ է խաղաղությա՞նը, թե՞ հայդատական արկածախնդրությանը։ Իսկ օրակարգը, այսպես թե այնպես, պետք է առնչվի խաղաղությանը։ Դատելով Իշխան Սաղաթելյանի և նրա մյուս կոլեգաների՝ այս ընթացքում արած հայտարարությունների հիմնական թեզերից՝ ընդդիմությունը, ծավալվելով խաղաղության օրակարգի թեմայի շուրջ, փորձելու է գեներացնել արդեն հայտնի թեզերը, մասնավորապես՝ նոր բանակցող, նոր բովանդակություն, այն է՝ մենք՝ գիտուններս, հայրենասերներս ու դիվանագիտական մտքի տիտաններս,  կգանք իշխանության, Ադրբեջանի հետ ավելի լավ պայմաններով, ինչպես իրենք են սիրում թութակել՝ «արժանապատիվ» խաղաղություն կբանակցենք, քանի որ «պարտված իշխանությունը» չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել և այլն, և այլն... Մի խոսքով, իսկական հնդկական ռետրո կինո։