Տաշիր Սամոյի ընկերությունները վատնում են դպրոցների կառուցման համար բյուջեից տրամադրված գումարները

Սա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ջիլի միջնակարգ դպրոցն է, որը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինարարը Կարապետյաններին պատկանող ընկերությունն է։ Դպրոցի տնօրեն Արմենուհի Ստեփանյանն ասաց, որ շինարարությունը սկսվել է 2021 թվականից։ 4 տարի անց դպրոցը դեռ վերջնական պատրաստ չէ։


Շինարարության ընթացքում ևս բազմաթիվ թերություններ են հայտնաբերվել մարզպետի աշխատակազմի կողմից։ Դրանց մի մասը շտկվել է։ Չնայած երեխաներն արդեն հաճախում են նոր դպրոց, բայց թերացումները շինարարը դեռ շտկում է։


Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Սասուն Սահակյանն ասաց, որ հենց կառուցման մեկնարկի փուլում արդեն նախագծից շեղումներ ու անորակ աշխատանքներ են հայտնաբերել՝ մարզպետը հրահանգել է քանդել կատարված աշխատանքը։


Դպրոցի տնօրենը ցույց տվեց այն թերությունները, որոնք դեռ չեն վերացվել։ Մարզպետարանից էլ ասացին, որ դպրոցը հանձնված է շահագործման, քանի որ հին դպրոցում ջեռուցման խնդիր է եղել։ Հետևաբար՝ շինարարի հետ գրավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թերացումները ընթացքում կշտկվեն։


Բակի ասֆալտը պետք է փոխարինվի նորով, ֆուտբոլի դաշտի ծածկույթը փոխվի և այլն։ Տնօրենի հետ շրջեցինք տարածքով, ծանոթացանք շինարարական թերացումներին։


Սասուն Սահակյանն էլ նախկինում հայտնաբերված թերությունները ցույց տվեց, որոնք արդեն շտկվել են։


Անգամ առաստաղի ստվարաթղթե կոնստրուկցիան է փլվել՝ արդեն այն ժամանակ, երբ երեխաները հաճախում էին դպրոց։ Պատուհաններից քամի էր փչում, ներկը թափվում, պատերը ճաքում։ Միաժամանակ, դպրոցը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ, և հետագա հնարավոր առաջացող թերությունները ևս շինարարը պարտավոր է վերացնել։


Կարապետյաններին պատկանող այս ընկերությունները մարզում այլ աշխատանքներ ևս իրականացնում են՝ կրկին ոչ առանց թերությունների։


Սահակյանն ասաց, որ այս շինհրապարակներ ևս եղել են այցելություններ թե՛ իրենց, թե՛ քաղաքաշինության կոմիտեի կողմից։ Կրկին հայտնաբերվել են թերություններ, հրահանգել են շտկել դրանք։


Ի դեպ, նշենք, որ Ջիլի դպրոց տանող ճանապարհը հիմնանորոգվում է։ Ճանապարհային դեպարտամենտն է պատվիրատուն։ Այս փողոցը անկախության տարիներից սկսած երբեք չէր ասֆալտապատվել։ Այժմ մայթեր են կառուցվում, փողոցն է հիմնանորոգվում, ինչպես նաև լուսավորություն է անցկացվել։ Վարչապետի հրահանգով նորակառույց դպրոցները պետք է համալրվեն ամբողջությամբ նոր գույքով, իսկ դպրոց տանող ճանապարհները պետք է լինեն հիմնանորոգված։

 

Վովա Հակոբյան