Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» անվանելուց թող հիշի՝ ինչպես էր տարիներ առաջ՝ 2014-ին, Աստանայում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը գլուխը կախ լսում, թե ինչպես է Ղազախստանի նախագահ Նազարբաևը կարդում Ալիևի նամակը, իսկ ինքը չէր հակադարձում։ Այս մասին civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով նախկին նախագահի երեկ արած հայտարարությանը, թե՝ Սպիտակ տանը ստորագրված խաղաղության համաձայնագիրը «ասք» է այն մասին, թե ինչպես «կապիտուլյանտը» բավարարեց Ալիևի հերթական պահանջները։
Ըստ տիկին Ղազարյանի՝ Սերժ Սարգսյանը հոգեպես ու բարոյապես
կապիտուլացված է, և մարդիկ, ովքեր ունեն բարդույթներ
ու հենց իրենք են կապիտուլյանտ, դիմացինին են այդպես անվանում։ «Իրենք՝ ընդդիմությունը,
նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր կապիտուլյացիա որակում, բայց հետո պարզվեց՝
իրենք կողմ են այդ փաստաթղթի իրագործմանը։ Այսինքն՝ նայած ժամանակ իրենց ինչպես է ձեռք
տալիս։ Ինչպես ձեռք է տալիս, այդպես էլ անվանում են»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի նշած «զիջումներին», ապա, ըստ տիկին Ղազարյանի, այդ թեմայով
խոսակցությունները հին ու անհիմն են, այլապես նախկին նախագահը կնշեր՝ այդ ի՞նչ զիջումների
մասին է խոսքը։ «Թող ընդամենը մեկ անգամ ընթերցի
խաղաղության համաձայնագիրը, եթե կարդալու հետ սեր ունի, բաց աղբյուրներում հասանելի
է, ու տեսնի՝ որտե՞ղ ենք զիջում։ Բնականաբար, զիջումների մասին խոսք լինել չի կարող։
Ես կարծում եմ, որ այս փաստաթղթերի ստորագրումը մեծ ձեռքբերում էր Հայաստանի համար»։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն
դիտարկմանը, թե՝ կգանք իշխանության, կչեղարկենք սեղանին դրված փաստաթուղթն ու արժանապատիվ
խաղաղություն կբանակցենք, Ալխաս Ղազարյանը հակադարձեց՝ հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում
արժանապատիվ։ «Խաղաղությունը, որը հաստատվել է, և որի մասին պետք է հոգ տանել, ավելի
արժանապատիվ լինել չէր կարող»։
Ալխաս Ղազարյանի հետ զրուցել ենք նաև իմպիչմենթի գործընթացի,
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ-ի հասցեին ուղղված գովաբանության, հայ զինվորի՝
պետական սահմանի պաշտպանության և այլ թեմաների վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան