Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում մի շարք
փոփոխություններ և լրացումներ, որոնք սահմանում են թանկարժեք մետաղներից պատրաստված
իրերի որակի վերահսկման և առուվաճառքի նոր կանոններ։
Կարևոր փոփոխություններ՝
Օրենքի 2-րդ հոդվածում կատարվել է ձևակերպման փոփոխություն,
որի համաձայն՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա պարտադիր է ոչ միայն հարգադրոշմը,
այլև անվանանիշը և տարբերանիշը։
Թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնագիտացված,
այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն այն պարագայում, եթե իրերը ունեն
հարգադրոշմ, անվանանիշ և տարբերանիշ, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ
մասով նախատեսված իրերի։
Եթե պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման ենթակա թանկարժեք
մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը, անվանանիշը կամ տարբերանիշը չեն
համապատասխանում օրենքի պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման և հարգադրոշմման պարտականությունը
կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը՝ իր հաշվին։
Այս փոփոխությունների նպատակն է բարձրացնել թանկարժեք մետաղներից
պատրաստված իրերի որակի վերահսկողությունը, ապահովել թափանցիկություն և պաշտպանել սպառողների
իրավունքները։