Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2024 թ. տարեկան հաշվետվությունը։ Civic.am-ը ԿԿՀ կայքից տեղեկացավ, որ հաշվետու տարում ՀՅԴ-ն միլիոնավոր դրամների պետական ֆինանսավորում է ստացել։ Մասնավորապես օրենքով սահմանված կարգով բյուջետային ֆինանսավորումը կազմել է 108 մլն 344 հազար դրամ, պետական ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 75 մլն 700 հազար դրամ, պետական նպատակային ֆինանսավորումն էլ կազմել է 32 մլն 644 հազար դրամ։ Կուսակցության նվիրատվությունը, ի համեմատ վերոհիշյալ ֆինանսավորումների, շեշտակի նվազ է՝ ընդամենը 1 մլն 936 հազար 408 դրամ (ընդամենը 1 նվիրատու՝ Սարգիս Բաղդասարյան)։ Անշարժ գույքի կառավարումից ստացած մուտքերը կազմել են 3 մլն 500 հազար դրամ, այլ մուտքերը՝ 3 մլն 450 հազար դրամ։ Ընդհանուր մուտքերը, ըստ հաշվետվության, կազմել են 117 մլն 280 հազար 408 դրամ։
Հարկ է նշել, որ կուսակցության ելքերը գերազանցում են
մուտքերին՝ ընդհանուր 137 մլն 948 հազար 65 դրամ, որից
մասնավորապես 13 մլն 829 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրության և դրան
հավասարեցված այլ վճարներն են, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա
ծառայությունների մատուցման վճարները։
Կուսակցությունն ընդհանուր առմամբ 72 անշարժ գույք է հայտարարագրել՝ հողամասեր,
հասարակական նշանակության շինություններ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ
և այլն։
Նշենք, որ ՀՅԴ կուսակցությունը հիմնադրվել է 1890թ., ՀՀ-ում պետական գրանցում է ստացել 2003
թվականին։ Թե քանի անդամ ունի 2024-ի դրությամբ
134-ամյա կուսակցությունը՝ հաշվետվության մեջ չի նշվել։ Նկատենք, որ 2023 թ. հաշվետվության մեջ նշված էր, որ
2023 թվականի դեկտեմբերի
31-ի դրությամբ կուսակցությունն ունեցել է 5100 անդամ։ Կուսակցությունն ունի
11 տարածքային ստորաբաժանում Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, որպես դրանց գործունեության
մեկնարկ նշված է 2022 թվականը։
Նկատենք, որ ըստ IRI-ի հուլիսին հրապարակված
հարցման տվյալների՝ ՀՅԴ հանրային վարկանիշը ընդամենը 1 տոկոս է՝ այդքան մարդ կքվեարկեր
ՀՅԴ-ի օգտին, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի։
Հ. Մ.