«Ռուսաստանը պատրաստ է ԱԷԿ-ի հետ կապված Հայաստանին առաջարկել զանազան տարբերակներ». Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգիայի զարգացման զանազան տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև նոր խոշոր կայանի կառուցում՝ հիմնված ստուգված և հուսալի տեխնոլոգիաների վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Մենք տեսնում ենք հայկական կողմի հետաքրքրվածությունը խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը շարունակելու հարցում։ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրումից ի վեր կես դար շարունակ մեր մասնագետները սերտորեն փոխանակվել են փորձով»,- ընդգծել է Զախարովան։


Նրա խոսքով՝ ներկայումս «Ռոսատոմը» իր հայ գործընկերների հետ համատեղ աշխատում է գործող կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում է նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները։


Ռուսական կողմը, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, հասկանում է, որ Հայաստանը այս հարցին մոտենում է հիմնավորապես՝ գնահատելով բոլոր հնարավոր տարբերակները: «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր կապ է պահպանում երկրի կառավարության հետ:


Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը նկատում է ոչ բարեկամ արևմտյան երկրների փորձերը՝ վարկաբեկելու ռուս-հայկական համագործակցությունը միջուկային ոլորտում։ Մասնավորապես, լրատվամիջոցները տարածում են կեղծ պնդումներ, որ ԱԷԿ-ը շուտով շարքից դուրս է գալու, կամ իբր այն լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: