Արձանագրում եմ` իմ նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացել/հեռացվել են հիմնականում Ընկերության բարձր ու միջին դասի պաշտոնյաները, ովքեր են նրանք. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Հերթական ԱՆՀԵԹԵԹ հրապարակումն սկզբնաղբյուր «Հրապարակից».


Թե՛ վերնագիրը, եւ թե՛ դրա բովանդակային մասն իհարկե մտացածին ու իրականության հետ որեւէ աղերս չունեցող անհեթեթություն է, որի հետ կապված՝ նույնիսկ հերքելու կամ պաշտոնական պարզաբանում տալու անհրաժեշտություն էլ չեմ տեսնում։


Սակայն ակնհայտ է, որ այս մտացածին թեզն առաջ են տանում որոշ շրջանակներ՝ հղում անելով որոշակի սուբյեկտի խիստ սուբյեկտիվ ու մանիպուլատիվ դատողություններին։


Սակայն, միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում ներկայացնելու մի քանի կարեւորագույն արձանագրումներ՝ կապված ՀԷՑ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների հետ, որպեսզի մեր հանրության տարբեր խմբերի մոտ հանկարծ որեւէ տարընկալում չառաջանա ՀԷՑ-ի հետ կապված՝ այս շրջանում մասշտաբային դարձած ապատեղեկատվության ծավալից։


Պաշտոնապես արձանագրում եմ, որ իմ նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացել/հեռացվել են հիմնականում Ընկերության այն բարձր ու միջին դասի պաշտոնյաները, ովքեր.


այլեւս չէին կարող շարունակել «ոչինչ չանելով»՝ բարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ ստանալ ՀԷՑ-ից,


այլեւս չէին կարող շարունակել աշխատել բնական մենաշնորհ ունեցող՝ լիցենզավորված անձ հանդիսացող, էներգետիկ ոլորտի այս ռազմավարական ընկերությունում՝ պետական ու հանրային շահը ոտնահարելով, սպասարկել բացառապես կլանային ու օլիգարխիկ շահեր,


այլեւս չէին կարող շարունակել աշխատել ՀԷՑ-ում՝ զուգահեռաբար զբաղվելով «հովանավորչությամբ» եւ ՀԷՑ-ի բնականոն գործունեությունն ապահովելու փոխարեն՝ իրենց կարգավիճակն ու դիրքը ՀԷՑ-ում ծառայեցնել բացառապես իրենց սեփական բիզնես-շահերի առաջ մղմանն այս ոլորտում,


այլեւս չէին կարող շարունակել հանդիսանալ ՀԷՑ-ի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներում «որոշում կայացնող անձինք», չարաշահելով իրենց պաշտոնական դիրքն ու լիազորությունները՝ դառնալ իսկական «փորձանք» թե՛ ենթակայությամբ գործող աշխատակցների (իմա՝ ՀՀ քաղաքացիների), եւ թե՛ սպառող հանդիսացող մեր հազարավոր քաղաքացիների ու բիզնեսի դասի համար…


Հետեւությունները թողնում եմ մեր հանրությանը՝ հասկանալու, թե այս եւ նմանատիպ լուրերի սկզբնաղբյուր հանդիսացող սուբյեկտները վերը թվարկվածներից կոնկրետ ո՞ր հեռացված/ազատված խմբին են պատկանում )))


Իհարկե, աշխատանքից ազատվածների մեջ կան նաեւ բազմաթիվ բարեխիղճ, ազնիվ եւ պետականամետ անձինք, ովքեր գերադասել են այլեւս այլ գործունեությամբ զբաղվել՝ հեռանալով սեփական նախաձեռնությամբ։


Բազմիցս կրկնել եմ՝ իմ պետական եւ քաղաքական գործունեության առանցքում Մարդն է՝ ՀՀ Քաղաքացին եւ Հայաստանի պետական շահը, որի առաջնային շահառուն դարձյալ մեր ՀՀ Քաղաքացին է։


Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր այն բարեխիղճ ու ազնիվ գործընկերներին՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից եւ կուսակցական պատկանելությունից, ովքեր ամենօրյա ռեժիմով ապահովում են էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը մեր քաղաքացիներին՝ ՀՀ ողջ տարածքում։