ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ «Մեր ձևով» շարժման շնորհանդեսի ժամանակ Նարեկ Կարապետյանը ասաց, որ «շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում» է։
Նա նաև մեզ քննադատեց հակակշիռների և փոխզսպումների համակարգը խախտած լինելու մեջ և խոստացավ վերականգնել այն։ Լրագրողները հարցրեցին՝ իսկ ի՞նչ պաշտոնի է ձգտելու նրա հորեղբայր Սամվել Կարապետյանը իր մեկից ավել քաղաքացիություններով։ Սա կարևոր հարց է, քանի որ հակակշիռների և փոխզսպումների համակարգը կարող է գործել բացառապես պաշտոնների միջև։
Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ Սամվել Կարապետյանը շարժման «գաղափարական առաջնորդն» է։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանի համար չկա ոչ մի այլ բաղձալի դեր, քան հակակշիռների և փոխզսպումների համակարգից դուրս՝ կուլիսային առաջնորդության դերը։
Գնալով ավելի է սրվում այս կալամբուրը՝ ապաքաղաքական շարժում, որը այնուամենայնիվ ունի գաղափարական առաջնորդ։ Ինչպե՞ս կարող է մի շարժում լինել ապաքաղաքական, եթե նրա առաջնորդը, պարզվում է, գաղափարական է։
Կարծես այսքանը քիչ էր, պարզվեց, որ ապաքաղաքական շարժումը նաև ներկայացնելու է քաղաքական հայտ, բայց շարժման գաղափարական առաջնորդը չի կարող զբաղեցնել քաղաքական պաշտոն։ Վերջինս կուլիսներից է հետևելու, որ իր գաղափարական հայացքի ներքո ապահովվի հակակշիռներ և փոխզսպումների համակարգը։