Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ ՄԶԳ պատրաստ է աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում. Սամանտա Փաուեր

ԱՄՆ ՄԶԳ պատրաստ է աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում. Սամանտա Փաուեր
Պաշտոնական
11:38, 26 сентябрь 2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործընթացում։

«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն։ Չնայած դրան՝ մեր կառավարությունը հավատարիմ է որդեգրած օրակարգի իրականացմանը՝ վստահ լինելով, որ այն կարող է ապահովել նաև անվտանգություն և ինքնիշխանություն»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, ԼՂ-ից բռնի տեղահանվող բնակիչների խնդիրները։ Տիգրան Խաչատրյանը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող քայլերը։

Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշել է, որ ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում։
Կողմերը քննարկել են այն ծրագրերը և առաջնահերթությունները, որոնց շուրջ առաջիկայում կկենտրոնացվեն ջանքերը։