Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին
Պաշտոնական
19:30, 29 апрель 2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:

Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը: