Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին
Պաշտոնական
10:47, 02 ноябрь 2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին. քննարկվել են տարածաշրջանի բնապահպանական խնդիրները։

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` #COP26-ին։

Համաժողովի շրջանակում փոխնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի ոլորտի միջազգային գործընկերների հետ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով։

Փոխնախարար Աննա Մազմանյանը հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլիին։ 

Որպես տրամաբանական շարունակություն Հայաստանի և Վրաստանի վարչապետների վերջին շրջանի երկկողմ հանդիպումների և ակտիվ համագործակցության, գործընկերները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության հեռանկարները բնապահպանության ոլորտում։

Կողմերը քննարկել են սահմանամերձ համայնքներում  անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր, կենսաբազմազանության ուժեղացված պահպանության, մոնիթորինգի ու կայուն օգտագործման խնդիրներ և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու կառավարման հարցեր, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման վրացական փորձը։

Փոխնախարար Աննա Մազմանյանը մատնանշել է, որ չնայած համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարություններին և առաջնահերթությունների որոշակի փոփոխությանը, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, և որ մեր երկիրը մտադիր է տեսանելի ապագայում նշանակալի առաջընթաց գրանցել շրջակա միջավայրի պահպանության և կառավարման ոլորտում։

Աննա Մազմանյանը մասնավորապես անդրադարձել է ՇՄՆ «Արփի լիճ» ազգային պարկի գործունեությանը, լճի և հարակից պահպանվող տարածքի էկոհամակարգի անխաթարության պահպանությանը։

Փոխնախարարը ընդգծել է երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը և Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնագիտական  հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնել։

Փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին իր հերթին կարևորել է երկրների միջև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության սերտացումը՝ ընդգծելով, որ բնապահպանությունը սահմաններ չի ճանաչում։

Վրաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են երկրի տարածքի 30%-ը։ Այժմ կառավարման պլանների միջոցով կատարվում է նոր տարածքների գնահատում` հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար: Եթե տարածքը համարվում է հատուկ պահպանման ենթակա,վրացական կառավարությունը նախաձեռնում է համապատասխան օրենսդրական փոփոխություններ։
Նինո Թանդիլաշվիլին  ներկայացրել է Վրաստանի բնության պահպանվող տարածքների համակարգը և  ինչպես է այն կառավարվում։ Վրաստանն ունի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության ենթակա կենտրոնական գործակալություն, որը համակարգում է տարբեր պահպանվող տարածքների համար ստեղծված բոլոր գործակալությունների աշխատանքը։ Պահպանվող տարածքներում առկա են առաջադեմ ենթակառուցվածքներ՝ ադմինիստրատիվ գրասենյակ, գիտական բաժիններ, պահնորդ- ռեյնջերների խմբեր և էկոտուրիզմի մասնագետներ։

Փոխնախարարը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի հատուկ երթուղիների և այցելությունների համար տոմսերի էլեկտրոնային համակարգի առկայությունը, ինչպես նաև տարածքների վերաբերյալ բավարար տեղեկատվական նյութերի տրամադրումը։

Հայկական կողմը խնդրել է փորձով կիսվել Վրաստանում Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող GIZ-ի կողմից իրականացվող ծրագրի վերաբերյալ, որը ֆինանսավորվել է համապատասխան օրենսդրական բարեփոխումներից հետո։ Վրացական  կառավարությունը ամբողջությամբ փոխել է անտառային օրենսգիրքը՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն չափանիշներին: 

Իրականացվող ծրագիրը բավականին ընդգրկուն է. ներառում է անտառների գույքագրում և մոնիթորինգ, անտառային թափոնների կառավարում, այլընտրանքային էներգիայի լուծումների առաջադրում անտառներին հարակից համայնքների համար և ապօրինի ծառահատումների դեմ պայքար:

Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն և առարկայական քննարկումներ ծավալել համաժողովի ավարտից հետո։

Աննա Մազմանյանը գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ այցելելու «Արփի լիճ» ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող այլ տարածքներ՝ տեղում դիտարկելու և քննարկելու համագործակցության ձևաչափերը։