Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Ռոմեո Բերտոլինիին

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում հանդիպել է Ռոմեո Բերտոլինիին
Պաշտոնական
14:33, 09 ноябрь 2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում հանդիպել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության աջակցման գրասենյակի տնօրենի տեղակալ Ռոմեո Բերտոլինիի ղեկավարած պատվիրակության հետ։

Աննա Մազմանյանը կարևորել է Հայաստանում Ազգային մակարդակով սահմանված գործողությունների գործընկերության աջակցման գրասենյակի ներգրավվածությունը Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման հարցում։

Փոխնախարարը ներկայացրել է ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման ընթացիկ վիճակը, մասնավորապես՝ մասնավոր հատվածի, դոնորների, իրականացնող գործընկերների, փորձագիտական համայնքի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կայացած 6 սեմինարները, որոնք կազմակերպվել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ: 

Փոխնախարար Մազմանյանն անդրադարձել է ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման հետագա համապատասխանեցման կարևորությունը Կառավարության առաջնահերթություններին, որոնք, ի թիվս այլոց, բխում են կրկնակի ճգնաժամից (ներառյալ կանաչ վերականգնումն ու կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության աճը):

Ընդգծվել է նաև ՄԱԶԾ-ի կողմից կազմակերպված սեմինարների կարևորությունը. դրանք թույլ են տվել հավաքել շահագրգիռ կողմերի նկատառումները երկրի կարիքների և բացերի վերաբերյալ, որոնք հետագայում կներառվեն ԱՍԳ Գործընկերության պլանում՝ Հայաստանի՝ վերանայված ԱՍԳ-ի իրականացման նպատակով 2021-2030թթ. ժամանակահատվածի համար:

Անդրադարձ է կատարվել գործընկերության պլանի առանձին ծրագրերի և գործունեության ֆինանսական կարիքների գնահատմանը, որը պետք է իրականացվի, որպեսզի հնարավոր լինի ներգրավել ԱՍԳ Գործընկերության ցանցի դոնորներին և իրականացնող գործակալություններին՝ կառավարությանը աջակցելու նպատակով։

Փոխնախարարը նշել է, որ կարողությունների զարգացումը կարևոր նշանակություն ունի զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, որոնք օգտվում են Փարիզի համաձայնագրի 6-րդ հոդվածում  նշված հնարավորություններից  և մեխանիզմներից, որոնցից է ածխածնի շուկան։

Ընդգծվել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության աջակցման գրասենյակի կողմից աջակցվող Գործընկերական Ծրագրին համահունչ երկրի կարիքների ձևակերպման հնարավորությունը։

Մեծ Բրիտանիայի և Ֆիջիի համանախագահությամբ իրականացվող Կլիմայական ֆինանսավորման հասանելիության մասին աշխատանքային խմբին միանալու վերաբերյալ քննարկման առաջարկ է արվել Հայաստանին՝ 100 միլիոն ֆունտ ստեռլինգի չափով նոր ֆինանսավորման պարտավորություն Միացյալ Թագավորության կողմից՝ կլիմայական ներդրումների ապահովման բյուրոկրատիայի վերաբերյալ խնդիրների բախվող երկրների համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը #cop26-ի շրջանակում։