Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար. Վահե Հովհաննիսյան

ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար. Վահե Հովհաննիսյան
Պաշտոնական
11:08, 05 сентябрь 2023
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:
 
Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:
 
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:
 
ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը:
 
Նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերը այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
 
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար: