Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ

Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ. ԼՂ ԱԳՆ
Քաղաքականություն
22:14, 19 сентябрь 2023
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Դրանում ասված է.
«Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։

Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։ Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։

Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։

Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։
Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։

Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը»։