Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյան, Օսկանյան, Ռուբեն Վարդանյան և այլք, Արցախը փրկեցի՞ք. Ադրբեջանը 10 օր առաջ առաջարկել է Արցախում առկա զինտեխնիկան հանձնել ՌԴ-ին, ազգային գվարդիայի պես մի կառույց ստեղծել, սակայն առաջարկը մերժվել է. Թաթուլ Հակոբյան

Քոչարյան, Օսկանյան, Ռուբեն Վարդանյան և այլք, Արցախը փրկեցի՞ք. Ադրբեջանը 10 օր առաջ առաջարկել է Արցախում առկա զինտեխնիկան հանձնել ՌԴ-ին, ազգային գվարդիայի պես մի կառույց ստեղծել, սակայն առաջարկը մերժվել է. Թաթուլ Հակոբյան
Քաղաքականություն
16:10, 20 сентябрь 2023
«Այ սա է կապիտուլյացիան»՝ այսօր ՌԴ խաղաղապահ զորակազմի և Արցախի իշխանությունների միջև ստորագրված հրադադարի մասին փաստաթուղթը նկատի ունենալով՝ ֆեյսբուքյան իր լայվում հայտարարել է  լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը։ Նրա հավաստմամբ՝  մոտ 10 օր առաջ Ադրբեջանի կողմից առաջարկ է արվել, ըստ որի՝ Արցախում 2020 թ. 44-օրյա պատերազմից  հետո մնացած զինտեխնիկան հանձնվի ռուսական խաղաղապահներին և որպես կոմպրոմիս՝ հետևյալը. Արցախում ձևավորել ազգային գվարդիայի նման մի կառույց՝ կազմված ոստիկանական ուժերից և փրկարար ծառայությունից։  Առաջարկը, դատելով Հակոբյանի խոսքից, մերժվել է Արցախի կողմից։ «Եվ հիմա՝ վերջ, սա էլ չենք ստանալու, ու այս հարյուրավոր զոհերի, վիրավորների պատասխանատվությունը այս երկու մարտերի կրում եք դո՛ւք, կրկնում եմ՝ Արցախի նախկին և ներկա իշխանություններ, Արցախ գնացած իբր փրկողներ, որ ձեր կաշվի համար էիք ամեն ինչ անում, և Երևանից նրանց կառավարողները՝ տերերը։ Ես չգիտեմ՝ նրանց կհաջողի՞ պատմական մի վերջին բանն էլ անել, այսինքն՝ այնպես անել, որ ՀՀ-ում իշխանությունից հեռանա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, և ՀՀ-ն միանա մի այլ կազմավորման»,- նշել է Հակոբյանը՝ միաժամանակ հավելելով՝ իրեն չի հետաքրքրում գործող իշխանությունը, իր համար կարևոր է ՀՀ-ի անկախությունն ու ինքնիշխանությունը, և այն, որ այսքանից հետո Արցախում կարողանանք պահել հայ բնակիչներին։ Լրագրողի խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատասխանատուները նրանք են, ովքեր «թավշյա հեղաշրջում» իրականացրին Արցախում և «այս աղետը բերեցին Արցախի ժողովրդի գլխին»։ 

«Միայն թե իմանաք, թե ադրբեջանցիները ինչ ճեղքումներ են արել, որտեղ են եկել, հաստատվել, ինչ ճանապարհների վրա են նստել... հուսամ՝ կհայտարարվի այդ մասին»,- նշել է Հակոբյանը և դիմելով Արցախի և ՀՀ նախկին իշխանություններին՝ հեգնել. «Հըն, ո՞նց եք, իմ սիրելի բարեկամ պարոն Օսկանյան, երեք տարի շարունակ տարբեր երկրներից եթերներ էիք մտնում և ասում էիք, որ պետք է Շուշին, Հադրութը   ազատագրենք, խոսե՛ք հիմա, երկու օր ա՝ ոչ մեկդ չեք խոսում։ Ռոբերտ Քոչարյան, ո՞նց ա բիզնեսը ձեր, շենքերի կառուցումը լա՞վ է ընթանում, պարոն Սերժ Սարգսյան, որ ես Ձեզ երբեք չեմ համեմատել Քոչարյանի հետ,  որովհետև Ձեզ համարել եմ մտահոգ ու պատասխանատու, լա՞վ եք հիմա Ձեզ զգում, Ղուկասյան Արկադի, բիզնեսներդ ո՞նց են Երևանում, լա՞վ են, Բակո Սահակյան, պարոն՝ իմ բարեկամ Ռուբեն Վարդանյան, փրկեցի՞ք Արցախը, թե՞ աղետ բերեցիք ժողովրդի վրա։ 1998 թվականի ռազմապետական հեղաշրջման քաղաքական հանցագործներ, ոնց ա, լա՞վ էր էդ ամեն ինչը, երբ գաղթականի բանը  դրեցիք արցախցու ձեռքը։   Ու հիմա էլ, համոզված եմ, շարունակելու եք պղտորել, որ Արցախում այլևս հայ չմնա, և ընդհանրապես, փակեք պատմության մեր այս էջն ու նախիջևանացնեք։

Այս դժվարագույն իրավիճակում հայրենասեր են նրանք, ովքեր այս ծանր պայմաններում կմնան ու կապրեն իրենց տներում։ Ես գիտեմ, որ դա դաժան է, բայց հայրենասերը նրանք են լինելու և ոչ թե Երևանում բիզնեսներ դրածները, որոնք այսօր էլ շարունակում են ծաղկեցնել դրանք ու հարստանալ։ Պետք է մնալ ու շարունակել ապրել հայկական հողի վրա, ինչպես ջավախահայերն են ապրում Ջավախքում։ Պետք է մնալ, սա մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանն է, որը մենք պետք է հաղթահարենք»,- նկատել է Հակոբյանը։ 

Վերլուծաբանն այնուհետ հավելել է, որ պետք է բանակցել Բաքվի հետ և փորձել փրկել այն, ինչ հնարավոր է։ «Երևանը պետք է Բաքվի հետ ուղիղ բանակցություններ սկսի, սա էլ է բարդ պրոցես, բայց բավ է դիվանագիտության փոխարեն մենք «Հայ դատ» ու լոբբիզմ խաղանք, հերիք է, մենք չենք հասկանո՞ւմ, որ դիվանագիտությունը, «Հայ դատն» ու լոբբիզմը միմյանց հակասող երևույթներ են։ ՀՀ-ն պետք է անի հնարավորը, որ արցախցիները շարունակեն ապրել իրենց տներում, չհավատան նախկին ԱԳ նախարարների և նախագահների կեղծ, սին, դատարկ, ճոռոմ հոյտարարություններին, պետք  չէ այլևս նրանց հավատալ»,- նշել է վերլուծաբանը։      

Ապա, անդրադառնալով ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ձևակերպված փաստաթղթին՝ Հակոբյանն  առանձնացրել է դրա խնդրահարույց ձևակերպումներից մեկը։  «Այդ ձևակերպումը Ադրբեջանին տալիս է հերթական հնարավորությունը՝ այն մեր դեմ օգտագործելու համար։ Ընդհանրապես, հայերը խոսում են, որ լավ դիվանագետներ են, բայց քանի որ սա կապիտուլյացիա է, ոնց գրել, տվել են ռուսները, էդպես էլ ստորագրել են։ Ըստ այդմ՝ «Կողմերը պայմանավորվել են ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և ԼՂ զինված կազմավորումների լուծարման և ամբողջական զինաթափման մասին»։ Այսինքն՝ հերթական անգամ ՀՀ-ն նորից դնում ենք հարվածի տակ։ 10 օր առաջ մենք կարող էինք այլ ձևակերպում ստանալ, ու սա լեզու է Ալիևի ու նրա վարչակարգի համար՝ մեզ մեղադրելու համար, թե՝ տեսեք, որ ասո՜ւմ էինք ՀՀ-ն Արցախում զինված ուժեր ունի, Արցախում ապօրինի զինված խմբավորումներ կան։ Ու այս տեքստը գրել են ռուսներն ու Արցախի մեր հայրենակիցները՝ իշխանությունները։ Ավելի վատ բան ՀՀ-ի դեմ դժվար է պատկերացնել։  Դե իսկ վերաինտեգրման վերաբերյալ հարցերն էլ  տեղ են գտել։ Մենք բոլորս 3 տարի շարունակ ասում էինք, որ նոյեմբերի 9-ին դավաճանական փաստաթուղթ է ստորագրվել, դա  սրա  համամետ դիվանագիտական մե՜ծ նվաճում է»,- նշել է Հակոբյանը։  

Հ. Մ.