Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զենքով պարտադրված «Լավրովի պլան-2». ինչո՞ւ այն չընդունվեց 2 ամիս առաջ

Զենքով պարտադրված «Լավրովի պլան-2». ինչո՞ւ այն չընդունվեց 2 ամիս առաջ
Քաղաքականություն
16:44, 20 сентябрь 2023
Այս տարվա օգոստոսի 16-ին Տիգրան Պետրոսյանը փաստաթուղթ հրապարակեց՝ հայտարարելով, որ հուլիսի 25-ին Լավրովը արցախյան կողմին, ըստ էության, ինտեգրացիայի առաջարկ է արել. հրապարակեց նաև փաստաթուղթը։ 

Դրանում, բացի մի շարք կրթական, մշակութային և այլ  իրավունքներից, արցախյան կողմին առաջարկվում էր Ադրբեջանի Հանրապետության հանրապետական, շրջանային և տեղական մարմիններում օրենսդիր, դատական և գործադիր իշխանության, այդ թվում՝ ոստիկանության և դատախազական մարմիններում հայ բնակչության համամասնական ներկայացվածություն:

Բացի դրանից, առաջարկվում էր նաև հանրապետական, շրջանային և տեղական մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակման և ընդունման մասնակցություն։

Այդ ժամանակ Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանն էր։ Եվ չնայած թվում էր, թե ողջ քաղաքական դաշտը՝ կուսակցություններ, քաղաքագետներ, ընդդիմություն ու իշխանություն պետք է քննարկեին այս առաջարկը, դիրքորոշում հայտնեին, անգամ դրանից հետո խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք իրականացրեց, սակայն որևէ բառ, տեսակետ չարտահայտեց «Լավրովյան պլան-2»-ի մասին, անգամ հիշատակում չարվեց. կարծես նման առաջարկ չի էլ եղել։ 

Այդպես էլ անհասկանալի մնաց՝ Հայաստանի և Արցախի քաղաքական տարբեր ուժեր ինչ վերաբերմունք ունեին այդ փաստաթղթին։ Թեման քննարկում էին ֆեյսբուքյան սովորական օգտատերերը, սակայն քաղաքական ուժերից այդպես էլ տեսակետ չլսեցինք։ 

Կարող ենք արձանագրել միայն, որ Արցախի իշխանությունը՝ Արայիկ Հարությունյանով, խորհրդարանով հանդերձ, դեմ է եղել այս առաջարկին և մերժել։ Եվ ահա այդ առաջարկից ընդամենը 2 ամիս անց այդ ինտեգրացիային արցախյան կողմը համաձայնություն է տալիս՝ ուղղակի ստիպված, բազմաթիվ զոհերից հետո ու այլընտրանք չունենալով։ Եվ դեռ հարց է՝ արդյոք Եվլախում վաղը կայանալիք հանդիպման ժամանակ Արցախին առաջարկվելիք, եթե կուզեք՝ պարտադրվելիք փաստաթղթում կլինե՞ն վերը նշված առաջարկները, թե՞ ոչ։

Վովա Հակոբյան