Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջապես պետք է սկսել սովորել մեր թշնամիներից ու Լաչինի անցագրային կետի օրինակով օր առաջ երկուական նմանատիպ կետ բացել Ադրբեջանի արևմտյան ու Նախիջևանի սահմաններին․ նախկին պատգամավորի առաջարկը

Վերջապես պետք է սկսել սովորել մեր թշնամիներից ու Լաչինի անցագրային կետի օրինակով օր առաջ երկուական նմանատիպ կետ բացել Ադրբեջանի արևմտյան ու Նախիջևանի սահմաններին․ նախկին պատգամավորի առաջարկը
Քաղաքականություն
21:42, 20 сентябрь 2023
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Աառաքելյանը ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է․
 
«Լինել պրոակտիվ, այլ ոչ ռեակտիվ, դրսևորել հնարամտություն ու ճկունություն:
 
Հիմա Հայաստանը պարտավոր ա կոնսոլիդացնել իր ինտելեկտուալ ողջ պոտենցիալը ու կանխատեսելով մեր թշնամիների հետագա գործողությունները, միշտ մի քայլ առաջ լինել: Էդ համատեքստում ես իմ լուման եմ ներդնում` հանդես գալով շատ կարևոր առաջարկով:
Արցախում կատարվածից հետո հաջորդ մեծ սպառնալիքը, որ կախված ա Հայաստանի գլխին, այսպես կոչված, Զանգեզուրի արտատարածքային միջանցքն ա: Դա ստանալու համար ռուս-ադրբեջանա-թուրքական դաշինքը նախ կփորձի կրկնել ղարաբաղյան վերջին օպերացիան` հեղաշրջման միջոցով իշխանության բերելով իրեն հնազանդ քաղաքական ուժերին, (իսկ եթե իրերն իրենց անունով կոչենք` գործիք/գործակալներին), որոնք ադրբեջանական փոքր ռազմական գործողությունից հետո սիրահոժար կերպով կհամաձայնվեն ընդունել հերթական «ռուսական առաջարկը»` ստորագրելով միջանցքի տրամադրման փաստաթղթի տակ և փաստացի ՀՀ-ին զրկելով ինքնիշխանությունից: 
 
Արդեն ուրվագծվում ա 5-րդ շարասյան նոր սերունդը, որին պատկանող թարմ գործիչները նախկինում պետական պաշտոններ չեն զբաղեցրել, քաղաքական վարկաբեկված կուսակցությունների անդամ չեն եղել ու քաղաքականապես բավականին պատրաստված են` էսօրվա հրապարակի հարթակը: Եթե իշխանությունը ինչ-որ էքստրա-մեգա հիմարություններից խուսափի, էս ուժերի` խաղաղ ճանապարհով իշխանափոխություն անելու մեծ շանսեր ես չեմ տեսնում: 
 
Նրանք միևնույն ա հասարակության մեծ մասի մոտ ասոցացվելու են նախկինների ու ռուսների հետ և մերժվելու են կամ բավարար աջակցություն չեն ստանալու: Խորհուրդ կտայի, որ Մոսկվան ու իր հայաստանյան մանկլավիկները Երևանի ընտրությունների արդյունքներից շատ չոգևորվեին իրենց վերլուծություններում:

Մյուս տարբերակն իհարկե բռնի իշխանափոխությունն ա, որի ակնարկը Մեդվեդևի հայտնի գրառման մեջ կար: 
 
Կդժվարանամ մեկնաբանել` արդյոք դա բլեֆի կամ շանտաժի ժանրից ա, թե՞ իրոք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու: Դա նաև կախված կլինի Փաշինյանի իրական վարկանիշից ու լեգիտիմությունից:
Ու իհարկե շատ քննարկված երրորդ տարբերակը` իրական ռազմական գործողություններ ՀՀ դեմ ներկա վարչակարգի օրոք և միջանցքի բացում ուժի/օկուպացիայի միջոցով: 
 
Հայաստանի իշխանություններն իհարկե կարող են պարապ նստել ու սպասել, թե էս սցենարներից ի վերջո որ մեկն իրականություն կդառնա (հիշեցնեմ, որ շահառուն 230 միլիոն բնակչությամբ ու գերհզոր ռազմական/պետական մեքենայով երեք հիշյալ երկրներն են), կարող ա անվերջ զանգեր անել ստեղ-ընդեղ, կարող ա անգամ ՀԱՊԿ-ից դուրս գալ, ստատուտ վավերացնել, բայց որ իրական աղետը չոքեց դռանը, էլի անօգնական ենք մնալու: 


Հետևաբար առաջարկս հետևյալն ա․
 
Վերջապես սկսել սովորել մեր թշնամիներից ու Լաչինի անցագրային կետի օրինակով օր առաջ երկուական նմանատիպ կետ բացել Ադրբեջանի արևմտյան (ենթադրենք` Սոթքում ու Կոռնիձորում) ու Նախիջևանի (ենթադրենք` Երասխում ու Սիսիանում) սահմաններին: 
Հայտարարել, որ դրանք հենց առաջին օրվանից բաց են Ադրբեջանի քաղաքացների համար ու քանի դեռ Ադրբեջանը թշնամական քայլերի չի գնում, Հայաստանը երաշխավորում ա դրանով ազատ ելքն ու մուտքը անգամ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Սկզբնական շրջանում որպես բարի կամքի դրսևորում կարաք բոլորին թույլատրեք` պայմանով, որ նույն օրը, ասենք` 4 ժամվա ընթացքում, մյուս կողմից պետք ա լքեն Հայաստանը, հակառակ դեպքում կձերբակալվեն ու կարտաքսվեն` առանց հեագայում երկիր մուտք գործելու իրավունքի:
 
Առանց ինչ-որ հատուկ ռեժիմներ համաձայնեցնելու, առանց փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովների և այլնի: Ուղղակի սահմանը միակողմանի բացել ու ֆորմալ կատարել էդ 9-րդ կետը: Եթե կատարված համարվելու համար անհրաժեշտ կլինի, որ ադրբեջանական շարասյուներին ուղեկցեն ռուսական ФСБ-ի մեքենաներ, դա էլ հայտարարեք, միևնույն ա վաղը որ պահին իրավիճակը թույլ տվեց, հանգիստ կարելի ա էդ ռեժիմը չեղարկել: 

Կրկնում եմ, ու շան գլուխն էստեղ ա թաղված` առանց որևէ նոր ղազագիր ստորագրելու, առանց Հայաստանի յուրիսդիկցիան կասկածի տակ դնելու, առանց նոր զոհերի, տարածքային կորուստների: Զուտ դրեք ֆորմալ կատարեք էդ կետը, մի նայեք, թե ձեզանից ինչ կամ ոնց են պահանջում: Պարտադիր չի, որ էդ ճանապարհներն իրականում աշխատեն, դրանցով մարդիկ գնան-գան: Դուք ձերը հայտարարեք, կազուս բելլին էդ մասով ժամանակավորապես չեզոքացրեք: Կգան, նոր պահանջներ կդնեն, ասեք տենց բան չենք ստորագրել, ինչքան ստորագրել ենք, էդքանի տերն ենք: Ու մաքսիմալ տեղեկատվական-քարոզչական ֆոն ապահովեք, ակտիվորեն աշխատեք արտաքին գործընկերների հետ, էս արածը շատ թանկ գնով փորձեք վաճառել: Խեղճի, հարիֆի, տկարի վիճակներից դո՛ւրս էկեք, գործե՛ք:
Սա չարեցիք, էլի կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու»: