Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միկա Բադալյանը մարդկանց կանչում է Կառավարության շենքի դիմաց՝ կանխելու արցախցիների ցեղասպանությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ ամիսներ առաջ էր Բադալյանի հետ հանդիպման ժամանակ ակնարկել «վերջին կրակոցի» մասին

Միկա Բադալյանը մարդկանց կանչում է Կառավարության շենքի դիմաց՝ կանխելու արցախցիների ցեղասպանությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ ամիսներ առաջ էր Բադալյանի հետ հանդիպման ժամանակ ակնարկել «վերջին կրակոցի» մասին
Քաղաքականություն
20:20, 20 сентябрь 2023
Բլոգեր, «Ազատագրում» շարժման  հիմնադիր Միկա Բադալյանը, որը մոտ երկու շաբաթ առաջ ձերբակալվել էր (ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք գործելու կասկածանքով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), քիչ առաջ Կառավարության դիմացից եթեր էր մտել ու կոչ էր անում միանալ այդտեղ հավաքվածներին։ 

Հիշեցնենք, որ երեկվանից, երբ Բաքուն  սկսեց հրետակոծել Արցախը, մի խումբ մարդիկ հավաքվել էն կառավարության դիմաց ու պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ փորձելով   հերթական անգամ բռնի հեղաշրջման փորձ անել։

Եվ որպեսզի այսօր էլ հավաքված խմբակը կրկնի երեկվա  չհաջողված փորձը, Կրեմլի հովանավորյալ կտրիճ Միկան որոշել է փողոց դուրս բերելու մոտիվ ստեղծել, շահագրգռելով, թե՝ «բացի այն, որ այսօր Արցախը հանձնվել է, այլ նաև արցախցիներին թույլ չեն տալիս լքել Արցախը, քանի որ պլանավորվում է նրանց ցեղասպանության ենթարկել։ Դուրս եկեք հրապարակ»։  

Միկան ու իր  «թայֆան», փաստորեն,  պետք է «պեռեվառոտ» անեն Երևանում, որ Արցախում կանխեն ցեղասպանությունը։    

 Նշենք, որ Բադալյանի լայֆի կադրերում երևաց, որ Կառավարության շենքի դիմաց է նաև ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը, որը մայիսին դեպի Կոռնիձոր երթ էր կազմակերպել, հավանաբար կարծելով, թե  երթի մասնակիցներին տեսնելով ադրբեջանցիները վախից կապաշրջափակեն Լաչինի միջանցքը։
 
Միկա Բադալյանի ձերբակալությանը, հիշեցնենք,  առաջինն արձագանքեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Վերջինս լուրը տարածվելուց րոպեներ անց հապճեպորեն, ոչ աշխատանքային ժամի  հայտնվեց լրատվականների էջերին ու հայտարարեց, որ սա սադրանք է՝ Արևմուտքի կողմից։ 

 Նշենք, որ սեպտեմբերի 7-ին համացանցում հայկական ԶՈՒ տեղաշարժի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որն ակտիվորեն շրջանառվում է նաև ադրբեջանական մեդիատիրույթում: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տեսանյութը նկարահանել էր Միկա Բադալյանի կինը, որը ՌԴ քաղաքացի է: Թե ի՞նչ նպատակով է նա նկարել այն, և ինչպե՞ս է դա հայտնվել ադրբեջանական և ռուսական տելեգրամ-ալիքներում, պարզ չէ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը բազմիցս հորդորել է զերծ մնալ հայկական ԶՈՒ տեղաշարժը տեսանկարահանելուց և դրանք համացանցում տարածելուց։ 
 
Ինքը՝ Միկա Բադալյանը, նկատենք,  հուլիսի վերջին մի խումբ արշավականների հետ հասել էր Էջմիածին,  հանդիպել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա, հանրայնացնելով վերջինիս հետ զրույցը, նշել էր, թե՝ վերջինս հասկանում է, որ «կա միայն վերջին  կրակոցի հնարավորություն և ոչ մի դեպքում չի պատրաստվում փուստ կրակել»։

 «Կա ըմբռնում, որ պետք է անպայման, առանց այլընտրանքի  լինի պայքար, պայքար, որը կսկսվի շուտով»,-նշել էր Բադալյանը։ Եվ, ըստ նրա,  «մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի աշխատանք անի, որպեսզի արթնացնի և ոտքի հանի մարդկանց, որպեսզի «իքս» ժամին, որը կսկսի շուտով, շատ մարդ ոտքի կանգնած լինի։ Եվ որպեսզի այդ փամփուշտը, մեր բոլորի ընդհանուր փամփուշտը, մենք չկրակենք դատարկ տեղը»։
   
 
 Հ․Մ․