Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը, իսկ Արցախը փրկելու Սամվել Բաբայանի խիստ իրատեսական ծրագրերն արհամարհվեցին․ Հայկ Խանումյան

Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը, իսկ Արցախը փրկելու Սամվել Բաբայանի խիստ իրատեսական ծրագրերն արհամարհվեցին․ Հայկ Խանումյան
Քաղաքականություն
12:32, 23 сентябрь 2023
ԼՂ «Ազգային վերածնունդ» կուսակցություն նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երբ աղետի մեղավորների մեջ նշում եմ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի կամ Արայիկ Հարությունյանի անունները, դա չեմ անում նախկինների տրամաբանության մեջ կամ նախկինում չարած/արածի հետևանքների համար։ Այս աղետի հասնելուն ուղղված քայլերը նախագահները կատարել են հիմա, անմիջականորեն` իրենք լինելով ռուսական ազդեցության տակ ու Մոսկվայից կառավարվող` իշխանության են բերել ռուսական գործակալի, Ադրբեջանի հետ խոսելու անկարող, ռուսների ասածով շարժվող, Արցախի շահերը ստորադասող իշխանություն, որն էլ լուծարեց պաշտպանության բանակն ու Արցախի Հանրապետությունը։

Հենց այս մարդիկ են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին, որն էլ Արցախի պետականությունը լուծարելու տեքստն է ընդունել։ Ընդ որում, սեպտեմբերի 7֊ին, ադրբեջանցիներից վերջնագիր էին ստացել, որ նախագահի ընտրության դեպքում (հասկացիր` Սամվել Շահրամանյանի նախագահ դառնալու դեպքում) իրականացվելու է ռազմական գործողություն։ Դրանով հանդերձ նախագահների խմբակը գնաց այդ քայլին, իսկ թշնամու վերջնագիրը փորձեց օգտագործել Շահրամանյանի ընտրությունը խանգարել ցանկացող քաղաքական ուժերի դեմ։

Պատմությունը դաժան է, փաստերի ֆիքսումը` առավելևս։  Արցախի վերջին 4 նախագահները և 22 պատգամավորները դարձան Արցախի պետականության գերեզմանափորը։ Արցախը փրկելու խիստ իրատեսական ծրագրերը, որն առաջարկում էր Սամվել Բաբայանը բլոկադայի սկսվելուց ի վեր, անտեսվեցին, հայհոյվեցին, արհամարհվեցին»։