Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետությունը ՍՊԸ չէ, որ հիմնադրվի, ապա՝ լուծարվի․ Արցախի դավաճան իշխանությունը Արցախի ապագայի համար ենթադրվող «անջատում հանուն փրկության» կոնցեպտը վերածեց «Արցախի լուծարում՝ հանուն իրենց փրկության» կոնցեպտի․ Սահմանադրագետ

Պետությունը ՍՊԸ չէ, որ հիմնադրվի, ապա՝ լուծարվի․ Արցախի դավաճան իշխանությունը Արցախի ապագայի համար ենթադրվող  «անջատում հանուն փրկության» կոնցեպտը վերածեց «Արցախի լուծարում՝ հանուն իրենց փրկության» կոնցեպտի․ Սահմանադրագետ
Քաղաքականություն
15:10, 29 сентябрь 2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով, ինչպես հայտնի է, լուծարվում է «Արցախի Հանրապետություն» պետական միավորումը, ինչը ենթադրում է, որ Արցախը վերածվում է սոսկ ֆիզիկական տարածքի՝ առանց իրավաքաղաքական կարգավիճակի։  Ի՞նչն է ուշագրավ, որ սույն հրամանագիրը ստորագրելիս Արցախի նորաթուխ ու վերջին, արդեն իսկ «անփառունակ» որակված նախագահը հղում է արել  Արցախում ստեղծված իրավիճակին և մի շարք այլ հանգամանքների, թե՝ «ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ երթևեկն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով` որոշում է ընդունվել

1. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

2. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող, սույն հրամանագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով, ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին»։  

Տպավորություն է, որ եթե Շահրամանյանը սույն՝  Արցախի Հանրապետության մահախոսականը՝ «լուծարման հրամանագիրը», չստորագրեր, ապա բռնի տեղահանված արցախահայության երթևեկը Լաչինի միջանցքով կխոչընդոտվեր... Մառա՞զմ, թե՞ քաղաքական, իրավական տգիտություն, հրամանագի՞ր, թե՞ ուժի սպառնալիքի տակ կոնկրետ տեղից թելադրված հրաման, դավաճանություն, թե՞ իրոք՝ արցախահայությանը փրկելու, նրանց ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից  թելադրված հումանիստական ակտ...

Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը Civic.am-ի հետ զրույցում  նշեց, որ Շահրամանյանի այս հրամանագիրը ոչ միայն հակասահմանադրական է՝ հակասում է Արցախի մայր օրենքին, այլև կատարյալ անհեթեթություն է, քանի որ պետությունը ՍՊԸ չէ, որ հիմնադրվի, ապա՝ լուծարվի։ «Նախ՝ շեշտենք, որ Արցախի Սահմանադրության 93-րդ հոդվածը, որի վրա էլ այդ տխրահռչակ անձը իր հրամանագրում հղում է կատարել, սահմանում է նախագահի լիազորությունները, որոնց շարքում նման լիազորություն՝ պետությունը լուծարելու, չկա։ Երկրորդը՝ պետությունը տնտեսական կազմակերպություն չէ, որը կարելի լինի  լուծարել, միջազգային պրակտիկայում նման բան ոչ միայն չկա, այլ նաև կատարյալ անհեթեթություն է։ Պետք է շեշտել նաև, որ պետությունը, որպես այդպիսին, ձևավորվում է ժողովրդի  կամքով՝ հանրաքվեով կամ ժողովրդի կողմից ձևավորված ներկայացուցչական մարմնի կողմից, և ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունն ընդամենը ժողովրդին պատկանող  իշխանությունն իրացնողն է, կամքը կատարողը, և որևէ մեկը չի կարող ժողովրդի անունից որոշել, որ այս կամ այն պետական միավորը դադարում է կամ չի կարող այլևս գոյություն ունենալ։ Էլ չեմ ասում այն անհեթեթ ձևակերպման մասին, թե՝ Արցախի Հանրապետւթյունը դադարում է գոյություն ունենալ՝ լուծարվում է։ Արցախի պատմությունն ապականած և Արցախի պատմության փառավոր էջերը ծալած և դեն նետած անձնավորությանը պետք է ընդամենը հուշել, որ նույնսկ դավաճանությունը իրավաբանորեն գրագետ ձևակերպելու պարագայում պարզապես պետք էր նշել, որ ինքը, որպես Արցախի նախագահ, ժողովրդի անունից կայացնում է որոշում՝ որպես Արցախի ինքնորոշման դրսևորում, Ադրբեջանի կազմում ինտեգրացիայի մասին։

Հիշեցնենք, որ Արցախում երբ խոսվում էր Մադրիդյան սկզբունքներով ենթադրաբար հանրաքվե անցկացնելու մասին, այնտեղ հարցերից մեկը այս էր լինելու՝ ցանկանո՞ւմ է արդյոք Արցախում ապրող  ժողովուրդը վերադառնալ Ադրբեջանի կազմ կամ առանձնանալ,  և կամ՝ միանալ ՀՀ-ին։ Վերադառնալով այդ հրամանագիր կոչվածին՝ ասեմ՝  թեկուզ և նորից հակասահմանադրական կլիներ, չափազանց  խնդրահարույց, սակայն կարելի էր դրան իրավական տեսանկյունից առերևույթ  տանելի ձևակերպում տալ, ընդ որում՝ տեղ թողնելով հետագայում ինքնորոշման իրավունքը կրկին մեջտեղ բերելու համար։ Բայց այսպիսի ինքնակոչ, ինքնահռչակ, կամայական կերպով, թշնամաբար ամեն կերպ նվաստացնել թեկուզև չճանաչված, ինքնահռչակ, բայց՝ ձևավորված պետությունը, խոսում է այն ստորագրած մարդու բարոյական նկարագրի մասին։ Նա սերունդների անեծքին է արժանանալու»,- նշեց Խալաթյանը։  

Իրավական ի՞նչ ընթացակարգ կարող է անցնել այս հրամանագիրը, քանի որ մինչև 2024 թ. հունվարի 1-ը պետք է լուծարվեն բոլոր պետական ինստիտուտները, հնարավո՞ր է,  որ մինչ հոունվար այս  հրամանագիրը ուղարկվի Արցախի Գերագույն  դատարան, ու այն հակասահմանադրական ճանաչի հիշյալ փաստաթուղթը։  Սահմանադրագետը վատատեսություն հայտնեց. «Ո՛չ, քանի որ Արցախի դավադիր իշխանությունների գործողությունների արդյունքում Արցախում շատ շուտով մարդ չի մնալու և պետական ինստիտուտներում էլ, այնպես որ, պետք է այդտեղ մարդ լինի, որ նախագահի կայացրած այս որոշմանը  ընթացք տա կամ չտա։ Ավելին՝ Արցախի իշխանություններն այն աստիճան վախվորած են, որ անգամ չեն կարողանում պատշաճ կազմակերպել  արցախահայության տարհանումը։ Ես զրուցել եմ բազմաթիվ արցախցիների հետ, որոնք վկայում են, որ անգամ մի չինովնիկ չի եկել, իրենց գլխին չի կանգնել ու չի աջակցել տարհանման հետ կապված հարցերում։ Անգամ բենզալցակայանում տեղի ունեցած ողբերգական հետևանքներով պայթյունը, որին զոհ դարձան բազմաթիվ մեր հայրենակիցներ, իշխանությունների խղճին է, տարերային ու անկազմակերպ տարհանման բացասական հետևանքներից մեկը։ Ես կարծում եմ, որ ոչ Արցախի էլիտան, ոչ էլ պաշտոնեությունը առանձնապես տոգորված չեն Արցախի գոյությամբ, այլ Արցախի էջը փակելու անզուսպ մարմաջով են համակված, այստեղ ես ոչ մի դրական զարգացում չեմ ակնկալում»։

Արցախի Հանրապետության լուծարումից հետո ի՞նչ կարգավիճակ է ստանալու այն տարածքը, որտեղ գոյություն ունի այս պահին «թղթերով լուծարված» Արցախի Հանրապետությունը, ի՞նչ իրավական կարգավիճակ է ունենալու այն՝ վերադարձ է լինելու  ԼՂԻՄ-ի՞ն, թե՞, ինչպես Ադրբեջանն է ձևակերպում, Արցախի Հանրապետությունն այլևս դառնալու է  «Ղարաբաղի տնտեսական շրջան»։ «Իրականում տեղի է ունենալու ամենավատթար և տակավին չլսված մի բան՝ Արցախը պարզապես վերածվելու է տարածքի՝ առանց կարգավիճակի։ Իմ տպավորությամբ՝ Արցախի իշխանությունների գերխնդիրը եղել է այն, որ Արցախն ընդհանրապես վերանա որպես քաղաքական միավոր, ջնջել այդ միավորը և այն վերածել որպես սոսկ տարածքի։ Վաղը գուցե այդ տարածքն անվանվի Գյանջայի շրջանի ինչ-որ մաս...  Մենք ինչպե՞ս եք հիմա ասում՝ Արևմտյան Հայաստանի Վանի կամ Կարսի նահանգ և այլն... դրանք մեր պատմական հիշողության մեջ եղած վարչական միավորներ են,  բայց իրականւթյան մեջ գոյություն չունեն։ Նույնը Արցախի դեպքում է լինելու։  Հակառակ պարագայում այս ամենը կարող էր չարվել, քանի որ եթե անգամ տեղի բնակչությունը տարհանվում է, բայց  քաղաքական միավորը պետք է շարունակեր լինել, գոյություն ունենալ, ինչը որոշակի պահանջատիրական հիմքեր  կստեղծեր թեկուզ ապագայի համար։ Եվ երբ խոսվում է այն մասին, թե ԼՂ բնակիչները ապագայում կարող են վերադառնալ և վերաինտեգրվել, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ վերադառնալ, ո՞րն է Ղարաբաղի սահմանը, ո՞րն է այն տարածքը, որտեղ իրենք պետք է կոլեկտիվ իրավունքներ ունենան, որը իբրև թե Ադրբեջանը պետք է ապահովի կամ երաշխավորի»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Նկատենք, որ Civic.am-ի հետ հարցազրույցներում Արտաշես Խալաթյանը չէր բացառել, որ Արցախի քաղաքական ապագան կարող է նման լինել Կոսովոյին, և հնարավոր է կիրառվի «անջատում հանուն փրկության» դոկտրինի նախադեպը։ Իսկ երբ Արցախում նախագահ փոխելու հարցն էր քննարկվում, Խալաթյանը կանխատեսել էր՝  «Արցախի նախագահի հրաժարականից հետո երկրում քաոս է ստեղծվելու», «երրորդ երկրի շահերը սպասարկող մարդկանց մոտիվացիան Արցախի կործանման գնով ՀՀ-ում իշխանության հասնելն է»:

Մեր հարցին՝ փաստորեն, «անջատում հանուն փրկության» դոկտրինով Արցախի անկախությանը հասնելու հեռանկա՞րն էլ ջնջվեց, պարոն Խալաթյանն արձագանքեց. «Արցախի դավաճան իշխանությունները Արցախի ապագայի համար ենթադրվող  «անջատում հանուն փրկության» կոնցեպտը վերածեցին  «Արցախի լուծարում՝ հանուն իրենց փրկության» կոնցեպտի և վերացրեցին այդ  քաղաքական միավորը։ Ես հիմա էլ եմ պնդում՝ Արցախի կոսովոյացման նախադրյալներ կային, բայց երբ ես նման կանխատեսումներ էի արել, դավաճանների ենթադրյալ հանցագործությունները հաշվի չէի առել»։ 

Հեղինե Մանուկյան