Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչելու է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը

Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչելու է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը
Քաղաքականություն
21:38, 20 июль 2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցից առաջ օդանավակայանում անդրադարձել է Կիպրոսի խնդրին և պատասխանել լրագրողների հարցերին. գրում է ermenihaber-ը:

Էրդողանը նշել է, որ Կիպրոսի թուրք ժողովուրդը կղզում ունի ինքնիշխան հավասարություն և հավասար միջազգային կարգավիճակ

Հիշեցնելով 2021թ. Ժնևում Կիպրոսի խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում կղզու թուրքական հատվածի ղեկավարի առաջարկը՝ Էրդողանը նշել է, որ այդ առաջարկն իրատեսական հենքի վրա է դնում ցայսօր ապարդյուն անցած խնդրի լուծման ջանքերը: Իսկ այդ առաջարկը վերաբերում է կիպրական խնդրի՝ «2 պետություն» բանաձևով լուծմանը։


Նրա բնորոշմամբ՝ այդ առաջարկը պատմական հնարավորություն է, որը լուծման ճանապարհ կբացի: Էրդողանն այնուհետև շարունակել է՝ հետևյալ շեշտադրումներով.


«Բոլոր կողմերին, որոնք Կիպրոսում արդար, մնայուն և շարունակական ապագա են ցանկանում, կրկնում եմ իմ կոչը՝ գնահատել այս պատմական հնարավորությունը: Կիպրոսում լուծման հնարավոր է հասնել միայն կղզում առկա իրողությունների հիման վրա: Սրանից հետո, եթե նոր բանակցային գործընթաց լինի, ապա այն կարող է լինել միայն 2 հավասար և ինքնիշխան պետությունների միջև: Չպետք է մոռանալ, որ ՀԿԹՀ-ն, չնայած բոլոր դժվարություններին, սեփական ոտքերի վրա կանգնած պետություն է: Ժողովրդավարության իր ավանդույթով, զարգացող տնտեսությամբ վստահ քայլերով ընթանում է դեպի բարգավաճ ապագա: Թուրքիան և թուրք ժողովրդի յուրաքանչյուր անհատ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը շարունակելու է լինել Կիպրոսի թուրքի կողքին»:


Էրդողանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք բացի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունից սպասվում են այլ երկրների ներկայացուցիչների այցը հյուսիսային Կիպրոս:


Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում, որ աշխարհի տարբեր երկրներ, հատկապես Ադրբեջանը, ՀԿԹՀ-ի հետ նման բարձր մակարդակով շփումներ հաստատեն:


Անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, Էրդողանն ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: