Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հոխորտում է և «երեսպաշտություն» անվանում Մակրոնի երեկվա հայտարարությունը

Ադրբեջանը հոխորտում է և «երեսպաշտություն» անվանում Մակրոնի երեկվա հայտարարությունը
Քաղաքականություն
13:00, 06 октябрь 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է երեկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն» մեղադրանքները։

«Գրանադայում Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները երեսպաշտության օրինակ են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ հենց ֆրանսիական կողմն է դեմ արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի հնգակողմ հանդիպմանը։

«Մենք ցանկանում ենք հիշեցնել ֆրանսիական կողմին, որը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանի հետ ճնշումների լեզվով խոսելն անիմաստ է և անընդունելի», - նշվել է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։ 

Բաքուն նաև խորհուրդ է տվել Փարիզին «դադարեցնել Հայաստանին աջակցելու և սպառազինելու քաղաքականությունը, որը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»: