Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հասկանալի չի դառնում, թե դուք աշխատավարձից բացի՝ ուրիշ ի՞նչ եք ուզում արած լինել»․ Արթուր Օսիպյանը՝ ԼՂ պաշտոնյաներին

«Հասկանալի չի դառնում, թե դուք աշխատավարձից բացի՝ ուրիշ ի՞նչ եք ուզում արած լինել»․ Արթուր Օսիպյանը՝ ԼՂ պաշտոնյաներին
Քաղաքականություն
19:45, 16 октябрь 2023
Արցախի պետական իշխանությունները չպետք է լուծարվեն, սակայն իրենց քայլերը պետք է համակարգեն ՀՀ իշխանությունների հետ. եթե վտանգավոր լինի ՀՀ-ի համար, պետք է դիտարկել 3-րդ երկրից գործունեություն ծավալելու հնարավորությունը. աշխատավարձերի մասին խոսելը տեղին չէ
 
 
Արցախի կառավարությունը ԼՂ-ն լուծարելուց և բնակչության տեղահանումից հետո ապաստանել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում։ Արցախի նախագահ Շահրամանյանը, պետնախարարը, պատգամավորներ և այլ գործիչներ հաճախ հավաքվում են այնտեղ և քննարկումներ ունենում։ Թե ինչ է քննարկվում, ինչ գործունեություն են ծավալում՝ անհայտ է. նրանք լրատվամիջոցների հետ չեն շփվում, հայտարարություններ չեն տարածում։ Պատգամավորներից ոմանք բարձրացրել էին նաև պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը պահպանելու հարցը՝ առնվազն մինչև դեկտեմբեր։ Որոշ քաղաքագետների, ուժերի կարծիքով՝ Արցախի իշխանավորները պետք է ստեղծեն վտարանդի կառավարություն և զբաղվեն Արցախի ու արցախցիների հարցերով։ Նմանօրինակ կարծիք էր հայտնել նաև դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, նշելով՝ Արցախի պետական ինստիտուտները՝ նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն։ Մինչդեռ այլ կարծիք ունեցողներն էլ նշում են, որ դա կարող է վտանգի տակ դնել Հայաստանի Հանրապետությունը, կամ նման բան անելիս ամեն ինչ պետք է համաձայնեցնել ՀՀ իշխանությունների հետ և չզբաղվել սեպարատ գործունեությամբ։ 

Լեռնային Ղարաբաղում ակտիվ գործունեություն ծավալած, այժմ Երևանում գտնվող Արթուր Օսիպյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի դեռ ԼՂ հարցը փակված չէ, պետական ինստիտուտները պետք է պահպանել։ Այլ հարց է, թե ինչ ֆորմատով։ «Մեր պետական ներկայացուցիչները պետք է իրենց հայտարարությունները անեն Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ, և պետական ինստիտուտները լուծարելը նպատակահարմար չէ։ Ուրիշ հարց է, որ նրանք պետք է այնպես գործեն, որ չդառնան շահարկումների առարկա կամ այս կամ այն կուսակցական ուժերից, կամ երկրներից ուղղորդվող և ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Եթե այդ ինստիտուտները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, ապա պետք է գործեն միգուցե այլ երկրի տարածքում և այնտեղից սպասարկեն Արցախի և Հայաստանի հանրապետությունների շահերը, այլ ոչ թե ինչ-որ պետության կամ ինչ-որ ուժերի»,- ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով աշխատավարձերի թեմային՝ ասաց, որ արցախցի պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն առանց վճարվելու ծավալել այդ գործունեությունը։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ դա ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստան-Ադրբեջան պատերազմ։ «Դա Ադրբեջանի համար կհանդիսանա «կազուս բելլիյ», կներկայացնեն, որ Ադրբեջանի պետության նկատմամբ Հայաստանում ոտնձգություններ են կազմակերպվում»,- ասաց Մեհրաբյանը։

Երրորդ երկրում այն կազմակերպելու տարբերակին արձագանքելով՝ Մեհրաբյանն ասաց. «Իսկ այդ երրորդ երկրներին, օրինակ՝ Ֆրանսիային հարցրե՞լ եք՝ իրենք համաձա՞յն են»։ 

Աշխատավարձերին անդրադառնալով՝ քաղաքագետն ասաց, որ Հայաստանը չպետք է իրենց աշխատավարձ տա։ Իրենք կարող են որպես բռնագաղթածներ Հայաստանից նպաստ ստանալ։ «Դա էլ այն դեպքում, եթե ՀՀ իրավապահ մարմինները իրենց գործունեության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կստանան»։

Արցախցիների խնդիրները պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է քննարկվի, թե այդ հարցերին ինչ լուծումներ կարելի է տալ։ Մեհրաբյանը չբացառեց նաև արցախահայերի և Բաքվի ներկայացուցիչների երկխոսության հնարավորությունը, չնայած հավանականությունը շատ ցածր համարեց։ 

Պե՞տք է արդյոք Արցախի իշխանավորները հանդես գան հայտարարություններով, պատմեն, թե ի՞նչ են քննարկել Եվլախում։ Հարցին ի պատասխան՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ոչ մի հայտարարություն՝ ցուցմունք քննչական մարմիններում»։ 

Արթուր Օսիպյանն էլ նշեց, որ նոր է դուրս եկել Արցախի ներկայացուցչությունից, և իր կարծիքով՝ այնտեղ քննարկվում է իրենց հետագա գործունեությունը Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելու հնարավորությունը։ Երրորդ երկրում Արցախի վտարանդի կառավարություն հիմնելու տարբերակը, ըստ Օսիպյանի, Արցախի իշխանության ներկայացուցիչների կողմից դիտարկվող տարբերակ է։ «Սկբունքը, իմ տպավորությամբ, այն է, որ իրենք իրենց քայլերով չվնասեն Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Օսիպյանը։

Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը ներկա են եղել թե՛ նախագահ Սամվել Շահրամանյանը, թե՛ պետնախարարը, պատգամավորներ։ 

Ինչո՞ւ են պասիվ, ինչո՞ւ հայտարարություններով հանդես չեն գալիս, չեն շփվում լրագրողների հետ։ Արթուր Օսիպյանը այս հարցը բարձրացրել է հանդիպման ընթացքում. նշեց, որ դա թե՛ կասկածանքի տեղիք է տալիս, թե՛ շահարկումների։ «Նրանք մտածում են, թե հանկարծ մենք մեր հայտարարություններով  չվնասենք ՀՀ-ին։ Սա է եղել իրենց պատասխանը։ Իմ կարծիքով՝ սենց երկար լռել չեն կարող և մոտակա օրերին պետք է հանդես գան հրապարակայնորեն։ Իրենց ասելով՝ ողջամիտ ժամկետներում հանդես կգան հայտարարությամբ։ Միակ հայտարարությունը, որ մենք լսել ենք, այն է եղել, որ Արցախի պատգամավորներից մեկը աշխատավարձի հարց է բարձրացրել, դա անընդունելի է՝ ունենալով էն ծանր վիճակը, որում հայտնվել են արցախցիները, դեռ ոչ բոլորն են տեղավորված, ու դուրս են գալիս՝ աշխատավարձերից են խոսում: Դա նյարդայնացնում է հասարակությանը, և հասկանալի չի դառնում, թե դուք աշխատավարձից բացի՝ ուրիշ ի՞նչ եք ուզում արած լինել, ժողովրդի խնդիրների մասին հոգալ։ Այս ամենի մասին խոսվել է, և հույս ունենանք, որ Արցախի կառավարության ներկայացուցիչները իրենց հայտարարություններում կոռեկտ կլինեն, և այն հարցերը, որ մտահոգում է մեր հասարակությանը, կստանան պատասխաններ»,- ասաց Օսիպյանն ու ավելացրեց, որ Շահրամանյանի ստորագրած՝ ԼՂ-ն լուծարելու մասին հայտարարությունը, որտեղ ներառված էր նաև Հայաստանի զորքերը Ղարաբաղից դուրս բերելու մասին կետ, ստորագրվել է սպառնալիքի ազդեցության տակ։ «Ասվել է, որ եթե չի ստորագրվում, ապա խաղաղ բնակչությունը կանգնում է ֆիզիկական վտանգի տակ»։

Օսիպյանը նշեց նաև, որ Սամվել Շահրամանյանը պարտավոր է բացահայտել, թե ինչ են քննարկել Եվլախում ադրբեջանցիների հետ, թե ինչո՞ւ Արցախի երեք նախագահները երաշխիքներ չստացան՝ անվտանգ դուրս գալու։ «Պարտավոր են բացահայտել, բայց բանակցությունների ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից սպառնալիքներ են եղել, որ զորքը կներխուժի Ստեփանակերտ՝ բնակչությունը կհայտնվի ֆիզիկական վերացման վտանգի տակ»,- ասաց Օսիպյանն ու նշեց, որ բանակցություններին ներկա խաղաղապահների ղեկավարները որևէ կերպ այդ սպառնալիքներին չեն արձագանքել՝ չնայած Ադրբեջանի խոսույթը ուղիղ ցեղասպանության սպառնալիքների մասին է եղել։
 
Վովա Հակոբյան