Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Էս փաստաթուղթը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի. Սամվել Շահրամանյան. տեսանյութ

«Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց այն, ինչը պետք է ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և ՀՀ-ի, և Արցախի հետագա ճակատագրի հետ կապված»,- քիչ առաջ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության առաջ հավաքված բողոքի ակցիայի մասնակից արցախցիներին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու հանդարտության կոչ արել հավաքվածներին։ 

«Մենք բոլորս էլ շատ դժվար, ծայրահեղ վիճակում ենք, և այն, ինչ այստեղ կատարվում է, ավելի է ծանրացնում մեր վիճակը։ Ես ձեզ բոլորիդ ուզում եմ վստահեցնել, որ այստեղ դուշման չունենք մենք, մեր թշնամին մեկն է, և բոլորս էլ դա գիտենք։ Եվ ես իմ արած քայլերի համար պատասխանատու եմ բոլորի և ձեր ընտանքիների առաջ։ Իմ կայացած որոշումներով էլ՝ պատասխանատու բոլորի առաջ։ Այստեղ տարբեր  ռեպլիկներ եք բաց թողնում, թե՝ թուրք  է, էս է-էն է։ Պատրաստ եմ ամեն ինչի մասին խոսել, նաև՝ բենզինի։ Բայց մենք ունենք ևս մեկ հայրենիք, դա Հայաստանի Հանրապետությունն է, և մենք ՀՀ ճակատագիրը վտանգելու իրավունք չունենք։ Ես պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել և քննարկել այն ամենը, ինչում դուք ինձ մեղադրում եք, ինչ հարցեր որ իմ առաջ դնում եք եք։ Ես բոլորիդ հարգում եմ, բոլորս էլ դժվար ճանապարհ, թոհուբոհով անցած մարդիկ ենք»,- նշեց Շահրամանյանը, ապա առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել։  

Շահրամանյանի այս առաջարկը դժգոհությամբ ընդունվեց ներկաների կողմից, արցախցիներից մեկը նշեց, թե՝ «եթե ՀՀ իշխանությունը, կապ չունի՝ Սերժն ա, թե Քոչարյանը կամ ուրիշը,   ձեզ չի վստահում, ապա ինչպե՞ս եք պատրաստվում լուծել այս մարդկանց հարցերը»։ Շահրամանյանը կամացուկ արձագանքեց՝ «վստահում են»։ Արցախցին առարկեց, թե՝ չեն վստահում, դուք էլի ճիշտը չեք ասում, խաբում եք, «դա իմ կարծիքը չի, դա իրականությունն է»։ «Ամեն ինչ ունի իր պատասխանը, ես չեմ կարող այսքան մարդու առաջ ասել»,- նշեց Արցախի նախագահը։ Արցախցին էլ հակադարձեց, թե՝ «դուք նույնիսկ դուրս չեկաք և հեռուստատեսությամբ ձեր պարզաբանումները չներկայացրիք, ձեր խոսքը չասացիք, թե՝ այսքան մարդ է բենզինի պայթյունից մահացել, ցավակցում եմ...»։  
Շահրամանյանը ուշադիր լսում է բոլոր բողոքավորներին ու հանդարտության կոչ անում։

Մանրամասները՝ տեսանյութում։