Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրներն՝ ի տարբերություն անհատների, ընկերներ չունեն․ պետք է ավելի զգույշ ընտրել այն ընկերներին, որոնք կան․ Հայաստան է ժամանել Նասիմ Թալեբը

«Ինձ համար շատ հետաքրքրական էր գալ, տեսնել մի երկիր, որի մասին այդքան շատ բան գիտեմ։ Ես այստեղ ֆիզիկապես առաջին անգամ եմ, բայց միգուցե նախկին կյանքում այստեղ էլի եղել եմ»․ Հայաստան է ժամանել լիբանանցի աշխարհահռչակ գիտնական, փիլիսոփա, մաթեմատիկոս, տնտեսագետ և վիճակագիր, թրեյդեր, բազմաթիվ գրքերի հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը։  Նա Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով՝ որպես պատվավոր հյուր, և հանդես կգա բանախոսությամբ՝ ներկայացնելով ռիսկերի, պատահականությունների, անորոշության և հաջողության ռազմավարությունների մասին իր գիտելիքներն ու պատկերացումները։ Համաժողովը, որն այս տարի կկայանա դեկտեմբերի 1-ին և 2-ին, կազմակերպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Թալեբն այսօր նախարար Վահան Քերոբյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։
 
«Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գրքում Թալեբը խոսում է քաղաքական գործիչների անպատասխանատու լինելու մասին՝ նշելով՝ «որովհետև նրանք իրենց սեփական մաշկը չեն դրել որպես խաղադրույք»։
 
Անդրադառնալով իր այդ տեսակետին և դրանից բխող ռիսկերին գիտնականն ասաց, որ շատերը սխալմամբ կարծում են, թե կարևոր է խթանը, որն ընկած է կապիտալիզմի հիմքում, սակայն միշտ չէ, որ խոսքը գնում է օգուտների մասին։ Հաճախ, եթե մարդը ինչ-որ սխալ է անում՝ պետք է վճարի դրա համար։ 
 
«Ղեկավարը չպետք է նստի հարմար գրասենյակում և իրականությունից կտրված հրամաններ արձակի։ Հին ժամանակներում ամենահարգված, հեղինակավոր անձը նա  էր, ով իր կյանքը վտանգի էր ենթարկում, օրինակ, լորդ էր դառնում՝ ինչո՞ւ որովհետև պատրաստ էր իր կյանքի գնով պաշտպանել այլ մարդկանց։ Կարծում եմ՝ բիզնեսմենները, քաղաքականություն մշակող անձինք, պատերազմ հրահրող անձինք պետք է պարտադիր իրենց մաշկի վրա զգան այդ հետևանքները», - նշում է գիտնականը։ 
 
Վահան Քերոբյանը արձագանքելով լրագրողի հարցին ասաց, որ նա իր կյանքը ենթարկել է ռիսկի  և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին  անել։ 
 
Հնարավո՞ր է՝ սանկցիաներն ունենան հակառակ ազդեցություն՝ ստիպեն պետություններին վերափոխել տնտեսությունը և զարգացնել սեփական արտադրությունն ու լայնորեն չզգալ պատժամիջոցների հետևանքները, նաև՝ հզորանալ սեփական արտադրության հաշվին՝ հարցին Թալեբը պատասխանեց, որ շատ կարևոր է հասկանալ սթրեսի աստիճանը և կրկին օրինակ բերեց։
 
«Պատկերացրեք ես հարվածում եմ մի մարդու, որը հարբած է, բայց թեթև եմ հարվածում։ Նա դրանից հետո կարող է ուշքի գալ, սակայն եթե մուրճով հարվածեմ՝ դժվար ուշքի գա։ Այսինքն՝  կարևոր է հարվածի ուժգնությունը։ Ռուսաստանի պարագայում՝ նա սովոր է իր նկատմամբ բացասական, ինչ-որ տեղ թշնամական վերաբերմունքի, և սա իր համար նորություն չէ։ Սիրիայի օրինակով՝ չեն կարողանում թիրախավորել կառավարությանը՝ թիրախավորում են հասարակ քաղաքացուն։ Նաև ՌԴ-ի դեպքում է այդպես՝ պատժվում են սովորական մարդիկ։ Ես պատժամիջոցների գաղափարն այնքան էլ չեմ հավանում։ Այստեղ չկա ժողովրդավարության սկզբունք։ Այնպիսի տպավորություն է, որ պատճամիջոց կիրառողները բավական կոմպետենտ չեն, որպեսզի կարողանան դրանք ճիշտ կիրառել»։
 
Թալեբը նաև ընգծեց՝ երկրները ընկերներ չունեն՝ ի տարբերություն անհատների։ Պետք է ավելի զգույշ ընտրել այն ընկերներին, որոնք կան։ Քերոբյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը գնում է իր դիմադրողականությունը մեծացնելու ուղով։ Դա են վկայում վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ տնտեսության կրկնապատկման մասին թվերը, որոնց շնորհիվ ՀՀ-ն ավելի բարձր դիմադրողական և ավելի զարգացած երկիր կլինի ու հույսը չի դնի ընկերիների վրա, որոնք, ինչպես նշեց պրոֆեսոր Թալեբը՝ չկան։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան