Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի

Թբիլիսիի՝ խաղաղության նախաձեռնությունը Երևանի և Բաքվի միջև կոնկրետ արդյունք է տվել. Ղարիբաշվիլի
Քաղաքականություն
21:58, 18 декабрь 2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև Վրաստանի խաղաղ նախաձեռնությունը տվել է կոնկրետ արդյունքներ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝  ներկայացնելով 2023 թվականին կառավարության արտաքին քաղաքականության արդյունքները. գրում է 1lurer.am-ը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները սերտ բարեկամական հարաբերություններ են պահպանում տարածաշրջանի գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմամբ։ Վրաստանը կարևոր ներդրում ունի այս նպատակին հասնելու գործում»,- ասել է Ղարիբաշվիլին։

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովն իրենց վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ հոկտեմբերի 26-ին հանդիպում են ունեցել Թբիլիսիից 40 կմ հյուսիս գտնվող Մուխրանիում։ Իսկ դրանից մի քանի ժամ առաջ երեք վարչապետները Թբիլիսիում մասնակցել են «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, որտեղ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախագիծը։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն էլ այս տարվա հոկտեմբերին Վրաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ և եռակողմ հանդիպումներ ունենալ Թբիլիսիի և Երևանի ներկայացուցիչների հետ հարևան հանրապետությունում, եթե հայկական կողմը համաձայնի։