Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ կերպով արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը. ՀՀ վարչապետ

«Առնվազն երեք անգամ եղել է թուղթ, որ ասել ենք՝ հենց հիմա ստորագրում ենք, և այդ փաստաթղթի տրամաբանությունը եղել է այն, ինչի մասին մենք այսօր «Խաղաղության խաչմերուկով» արձանագրում ենք»,- այս մասին`անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման թեմային, Հանրային հետուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նա նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հենց այդ պատճառով է հրապարակվել, որովհետև իրենց տարբեր տեսակի պարտավորություններ, դիրքորոշումներ են վերագրվել։ Փաշինյանի խոսքով` նախագիծը հրապարակվել է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե Հայաստանն ինչ է ուզում։ Վարչապետն անդրադարձավ նաև ռուսական հարթակներում բանակցություններից Հայաստանի խուսափելուն` նշելով, որ պետք է ընթերցվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։  

«Մենք էնպես չի, որ չենք գնում, բայց ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ փաստաթուղթը եռակողմ է և գետնի վրա այդ փաստաթղթին համապատասխանող որևէ բան գոյություն չունի։ Իրադարձություններն են ջրել այդ հայտարարությունը, մենք չենք ջրել, մեր ստորագրությունն այնտեղ կա, բայց այդ հայտարարության մեջ գրված որևէ բան իրականության մեջ կա՞։ Եթե մեզ հարցնում են 9-րդ կետի վերաբերյալ, մենք որևէ պրոբլեմ չունենք»,- ասաց Փաշինյանը։  

Վարչապետն ասաց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ կերպով արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։