Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև ընտրությունները Ալիևի տարածքային պահանջները ավելի կմեծանան, սպառնալիքը ներքին լսարանի համար է. Գալիչյան

Մինչև ընտրությունները Ալիևի տարածքային պահանջները ավելի կմեծանան, սպառնալիքը ներքին լսարանի համար է. Գալիչյան
Քաղաքականություն
21:00, 11 январь 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց է տվել տեղի ԶԼՄ-ներին՝ հնչեցնելով Հայաստանի հետ «խաղաղության» իր պատկերացումները, և մասնավորապես նշել հետևյալը. «Գաղտնիք չէ, որ ХХ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին։ 1918թ., Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման հաջոդ օրը, Իրևան քաղաքը, ցավոք, հանձնվել է Հայաստանին։ Չնայած որևէ հիմք դրա համար չկար։ Դա հնագույն  ադրբեջանական քաղաք է»։ Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր դիրքորոշումը՝ քարտեզագետ Ռուբեն Գալեչյանն ասաց, որ  դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ 20-րդ դարում  Հայաստանից 1200 քառակուսի կմ մաս-մաս տվել են Ադրբեջանին, իսկ 1920  թվականին Ստալինի որոշմամբ Ղարաբաղն է տրվել Ադրբեջանին։

«Դա փաստագրված բան է, ամեն տեղ այդ փաստաթղթերը կան, քարտեզները կան և այլն։ Իսկ Ալիևը ճիշտ հակառակն է ասում՝ իր ներքին գործածության համար։ Ոչ մի փաստ Ալիևը չունի այդ տեսակի բան ասելու համար։ Հայաստանից 1200 քառ. կմ տարածք է տրվել Ադրբեջանին այդ ժամանակ։ Երբ որ Արդբեջան երկիրը ծնվել է 1918 թվականի մայիսին, ինչպես կարող էր Ադրբեջան երկիրն ունենալ պատմական տարածքներ։ Ադրբեջան երկիր գոյություն չի ունեցել մինչև 1918 թվականը, դրանից առաջ հյուսիսարևմտյան նահանգն է եղել, որը ներկա Ադրբեջանի հետ որևէ կապ չունի, Արաքս գետից հարավ տարածքն է։ Արաքս գետից հյուսիս երբևէ որևէ երկիր Ադրբեջան անվանումով գոյություն չի ունեցել»,- ասաց քարտեզագետը։

Ինչ վերաբերում է Ալիևի կողմից  պարբերաբար բարձրաձայնվող ութ գյուղերը վերցնելու թեմային, քարտեզագետն ասաց, որ ութ գյուղերից չորսը անկլավների մեջ են, իսկ մյուս չորսը գյուղատնտեսական տարածքներ են, որոնց նկատմամբ իրենք վերահսկողություն ունեն, և հայ գյուղացին չի կարողանում այդ հողերը մշակել. եթե Ադրբեջանը ութ գյուղ է ուզում, մենք՝ էլ 20-30 գյուղ, որ Շահումյանի շրջանում Ադրբեջանը հայաթափեց 1991 թվականին, պահանջենք իրենից։ 

Քարտեզագետի խոսքով՝ Ալիևի այս հայտարարությունների նպատակն այն է, որ իր ժողովրդին ցույց տա, թե ինքը Հայաստանը վերցնելու է՝ որպես Ադրբեջանի մի մաս, ժողովրդին քաջալերի, որ իր օգտին քվեարկեն։ 

«Դրանք արդեն իր նախընտրական հայտարարություններն են, և մինչև ընտրություններն ավելի կմեծանան ոււ կխստանան այդ պահանջները։ Իսկ միջազգային հարթակներում Ալիևն ասում է, որ Հայաստանից ոչ մի հողային պահանջ չունի, միայն վերադառնանք այն սահմանների վրա, որի վրա կանգնած ենք։ Սա միայն ներքին լսարանի համար է, և դա նախընտրական քարոզչություն է։ Այս ամենին միջազգային հանրությունը կարող է արձագանքել, բայց մենք արձագանքենք և միջազգային հանրությունից խնդրենք իրենց կարծիքը հայտնել»,- եզրափակեց քարտեզագետը։

Լիլիթ Թադևոսյան